ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջև հուշագիր է ստորագրվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News 

Զոհրաբ Մնացականյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Հայաստանյան գրասենյակի ղեկավար և Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ Յելենա Միլոշևիչը այսօր՝ ապրիլի 30-ին, հեռահար կարգով ստորագրեցին ՊՀԾ 2019-2024թթ. Հայաստանի ազգային ռազմավարության պլանի կատարմանն ուղղված փոխըմբռնման հուշագիր։

Ըստ ԱԳՆ լրատվական ծառայության հաղորդագրության՝ հուշագիրը կարևոր գործիք է ՊՀԾ և ՀՀ կառավարության համար մինչև 2030 թվականը երկրում պարենային անվտանգության ապահովմանն ուղղված կարողությունները ուժեղացնելու գործընթացում։

«Հնգամյա ռազմավարական պլանի շրջանակում ՊՀԾ-ն Հայաստանի և ՀՀ բնակչության համար կիրագործի զարգացման փոխակերպվող մոտեցում, ներդրումների միջոցով կաջակցի ՀՀ կառավարության՝  Հայաստանի զարգացման օրակարգի ծախսարդյունավետ, կայուն և ներառական ծրագրերին»։

Նշված է, որ 2019-2024թթ. Հայաստանի ազգային ռազմավարության պլանի ներքո աջակցություն կտրամադրվի առավել խոցելի խմբերին և միաժամանակ կնպաստի վերջիններիս ինտեգրմանը տնտեսական գործունեության մեջ՝ այսպիսով խթանելով Հայաստանում կայուն և արդար տնտեսական աճի տեմպերը․ «ՊՀԾ-ն, մասնավորապես, աջակցություն կցուցաբերի ՀՀ Կառավարության եկամտաբեր աշխատատեղերի ստեղծման, կրթության որակի ապահովման, ժամանակակից և վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացման, կանաչ ագրոբիզնեսի արդիականացման, կլիմայի նկատմամբ զգայուն ներդրումների խթանման ջանքերին և կիրականացնի ծրագրեր, որոնք ուղղված են Հայաստանում պարենային անապահովության, թերսնուցման վերացմանն ուղղված ջանքերին, մարդկային կապիտալի զարգացմանը, բնակչության առողջության բարելավմանը»։