Թափուր հաստիքների համար մրցույթներ են հայտարարված եղել. Բադասյանի խոսնակը հերքում է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

հերքում

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ նշելով, որ թե´ նախարարության Վերահսկողական ծառայության պետի, թե´ գլխավոր քարտուղարի թափուր հաստիքների համար նախապես մրցույթներ են հայտարարված եղել:

«Սիրելի՛ գործընկերներ, ի պատասխան լրատվամիջոցներով տարածվող տեղեկության, նշեմ, որ արդարադատության նախարարության Վերահսկողական ծառայության պետի ընտրության գործընթացում նախարար Բադասյանի մասնակցությունը կանոնակարգված է օրենքով, իսկ գլխավոր քարտուղարի դեպքում նախարարն առհասարակ մասնակցություն չունի:

Երկու թափուր հաստիքների համար տարբեր ժամանակներում նախապես մրցույթներ են հայտարարված եղել, որոնց մասնակցելու համար առանձին-առանձին հայտ են ներկայացրել հինգից ավելի անձինք: Բոլոր հայտատուներն անցել են թեստավորման, իսկ այդ փուլը հաղթահարելուց հետո նաև հարցազրույցի փուլերը:

Մրցույթն անցկացրել են մրցութային հանձնաժողովները: Հաղթող ճանաչված անձանց գործունեությունը որևէ օրենսդրական կարգավորմամբ արգելված չէ, առկա չէ շահերի բախման իրավիճակ»,- գրել է նա:

Ավելի վաղ ՎԵՏՕ հասարակական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ էր հրապարակել և կից գրառում արել՝ նշելով, որ նախարարն իր քավորին՝ Դավիթ Գասպարյանին, նշանակել է արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության պետ:

Մալյանը նաև տեղեկացրել էր, որ նախարար Բադասյանի մանկության ընկերը՝ Սուրեն Գալստյանը, նշանակվել է նախարարության աշխատակազմի քարտուղար: