Գյումրին՝ որպես ինքնատիպ մշակութային երևույթ, հատուկ վերաբերմունքի կարիք ունի

 ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News       

Գյումրի

2019 թ. ամռանը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Ախուրյանում հյուրընկալվել էր քանդակագործ Ալբերտ Վարդանյանի արվեստանոցում, ծանոթացել նրա աշխատանքներին:

ՀՀ վաստակավոր նկարիչ Ալբերտ Վարդանյանը մասնակցել է բազմաթիվ հանրապետական և միջազգային ցուցահանդեսների։ Մոդեռն ոճն ազգային մտածողության հետ հաջողությամբ համադրող քանդակագործի աշխատանքները գտնվում են ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Դանիայում և այլուր, և, իհարկե, նրա ծննդավայր Գյումրիում։

Նախորդ հանդիպումից գրեթե մեկ տարի անց Հանրապետության նախագահը և Ալբերտ Վարդանյանը վերստին զրույց են ունեցել , այս անգամ՝ հեռավար: Նախագահը հետաքրքրվել է արտակարգ դրության պայմաններում արվեստագետի ստեղծագործական գործունեությամբ, ծրագրերի ընթացքով։ Քանդակագործի հետ զրույցը վերաբերել է ինչպես նրա ներկա աշխատանքներին, այնպես էլ ապագա մտահաղացումներին։ Այդ համատեքստում Ալբերտ Վարդանյանն անդրադարձել է նաև «Ազդեցություն և հակազդեցություն» անունը կրող՝ 2008 թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի իր նախագծին և դրա իրականացման ընթացքին։ Այս նախագիծը հաղթող էր ճանաչվել հայտարարված մրցույթի արդյունքներով։

Հեռավար զրույցը, բնականաբար, չի շրջանցել նաև Գյումրին՝ որպես առանձնահատուկ մշակութային երևույթ, որը ոչ միայն հատուկ ուսումնասիրության, այլև հատուկ վերաբերմունքի, ուշադրության կարիք ունի:

Նախագահ Սարգսյանը քաջալերել է գյումրեցի քանդակագործին՝ շարունակել ստեղծագործել ու արարել, նշելով, որ ժամանակային կամ իրավիճակային որևէ սահմանափակում չի կարող խոչընդոտել արվեստագետի երևակայությանն ու ստեղծագործական որոնումներին։