Մաղթում եմ Ձեզ քաղաքական կամք և վճռականություն՝ ի շահ Արցախի․ Բաբայանը՝ Հարությունյանին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

․

«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանն այսօր՝ ապրիլի 21–ին, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել եւ շնորհավորել Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին այդ պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Նա մասնավորապես նշել է.

«Հարգելի´ Արայիկ Վլադիմիրի, անձամբ իմ և «Միասնական հայրենիք» կուսակցության անունից շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության նախագահ ընտրվելու առթիվ:

Արցախի նախագահական ընտրություններն այլևս իրողություն են: Արդյունքում Դուք ստանձնել եք Արցախի զարգացման վեկտորն առաջիկա տարիներին ուղղորդելու պատասխանատու առաքելություն, ինչն առավել քան ընդգծվում է սրընթաց որակափոխվող ներքին և արտաքին մարտահրավերների համապատկերում: Հարգելի´ Արայիկ Վլադիմիրի, ես հուսով եմ, որ ձեզ վստահված և չվստահված յուրաքանչյուր քվե լավագույնս կծառայեցնեք Արցախի` որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետության կայացմանը. հանգամանք, որով չափելի պիտի դառնա Ձեր և Ձեր կողմից ձևավորվող կառավարության գործունեությունը: Մեր երկրի զարգացումն այլընտրանք չունի: Պատմական այս ժամանակաշրջանում դատապարտված ենք չվրիպելու, ուստի մաղթում եմ Ձեզ քաղաքական կամք և վճռականություն` ի շահ Արցախի` որպես անվտանգ և կայուն զարգացող սուբյեկտի»: