Արմեն Սարգսյանի հրամանագրով դատավոր նշանակվածը Հայկ Մարությանի խորհրդականն էր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News 

հասարակական

ՀՀ նախագահի հրամանագրով նախօրեին Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր նշանակված Կարեն Համբարձումյանը մինչ այդ զբաղեցնում էր Երեւանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «ՀՀ նախագահի հրամանագրով Կարեն Համբարձումյանը նշանակվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:

Պարոն Համբարձումյանը բարձր կարգի իրավագետ է, մինչեւ այսօր զբաղեցնում էր Երեւանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնը: Շուրջ մեկ տարվա համատեղ աշխատանքը նրա հետ ոչ միայն խիստ արդյունավետ էր, այլեւ հաճելի: Առիթ ունեցա կրկին համոզվելու, որ մասնագիտական որակները մարդկային առաքինությունների հետ համադրվելիս լավագույն արդյունքն են տալիս աշխատանքի մեջ:

Կարեն Համբարձումյանի գրեթե մեկամյա անխոնջ աշխատանքից համայնքը շատ է շահել՝ արդյունքները բառացիորեն այս օրերին տեսնում ենք ու դեռ տեսնելու ենք: Վստահ եմ, որ Հանրապետության դատական համակարգի համար նրա ներկայությունը առողջարար կլինի:

Բարի երթ, պատվելի պարոն դատավոր»: