Կարմիր գծերը Երևանում կլինեն միայն Կենտրոնում և Արաբկիրում. պատգամավորը՝ նոր նախագծի մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

կարմիր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել է մի օրենսդրական նախաձեռնության, համաձայն որի՝ Երևանի 12 վարչական շրջաններից կարմիր գծեր կմնան միայն Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների որոշ հատվածներում:

Ըստ պատգամավորի՝ նախագծի վրա աշխատում են դեռ նախորդ տարվանից, մի քանի հանդիպում են ունեցել Երևանի քաղաքապետի հետ:

«Նախատեսում ենք կատարել որոշակի փոփոխություն նաև վարչարարության հետ կապված: Եթե, օրինակ, նախկինում վարչական ակտը կազմվում էր շրջիկ մեքենաների միջոցով, և լուսանկար էր լինում՝ ժամերը գրված, կար արդարացի դժգոհություն և շատերը պնդում էին, որ այդքան չեն կանգնել, բողոքարկում էին ակտերը, որոնք մեծամասամբ բեկանում էին: Հիմա մենք արձանագրում ենք, որ վարչարարություն կարող է իրականացվել բացառապես տեսանյութի առկայության դեպքում՝ առնվազն 15 րոպե տեւողությամբ»,-ասել է պատգամավորը:

Սիսակ Գաբրիելյանը խնդիր է համարում նաև այն, որ Երևանի կենտրոնական փողոցներում տարին 12 ամիս կայանած են մեքենաները՝ շատ դեպքերում առանց համարանիշների կամ փակ համարանիշներով:

«Օրենքով Երևանի ավագանուն տալիս ենք լիազորություն, որ առանց պետհամարանիշների կամ փակ համարանիշներով մեքենաների կայանումը կարմիր գծերի վրա արգելվելու է: Այստեղ ավագանին կարող է իր հայեցողությամբ լուծումներ գտնել, օրինակ վաճառքի ու վարձույթի համար նախատեսված մեքենաների համար նախատեսել առանձին հատվածներ եւ սահմանել առանձին սակագներ»,-ասել է պատգամվորը:

Իմքայլական պատգամավորը նաև տեղեկացրել է, որ օրինագիծը ԱԺ-ում շրջանառության մեջ կդրվի այս շաբաթվանից, և առաջին ընթերցմամբ ԱԺ կհասնի 1,5 ամիս անց, երկրորդ ընթերցմամբ՝ աշնանային նստաշրջանի մեկնարկին: