2 քրեական գործ կա հարուցված․ վարչապետը՝ ՔԱԿ ոլորտի խախտումների մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

Նիկոլ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով ՀՀ քաղավիացիայի ոլորտում արձանագրված թերություններին, նշել է, որ մեկնաբանությունների տեղիք է տալիս այն, որ, ըստ Եվրոպական համապատասխան հանձնաժողով, Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն չի կարողանում վերահսկել ավիաընկերությունների գործունեությունը ՀՀ-ում:

«Տեղեկանքում ներկայացված է, թե ինչու չի կարողանում վերահսկել, որովհետև Հայաստանում, օրինակ, Աֆրիկայում բազավորված օդանավերի նկատմամբ ավիացիայի կոմիտեն ունի պարտավորություններ, բայց մեր կարգավորումներով չունի լծակներ այդ պարտավորությունները կատարելու, և դրա հետևանքով տեղի են ունցել մի շարք զարգացումներ», - ասել է Փաշինյանը, ապա տեղեկացրել, որ 2019-ի աշնանը եվրոպական կազմակերպությունը ստուգել է Հայաստանի ավիաընկերություններից մեկը և դրա մասին նախնական զգուշացնող տեղեկանք ուղարկել ավիացիայի կոմիտե։

«Ավիացիայի կոմիտեի պաշտոնյան, որն ի պաշտոնե պարտավոր էր անմիջապես զեկուցել ավիացիայի կոմիտեի ղեկավարին, չի զեկուցել։ Նա այդ մասին իմացել է 2 ամիս անց՝ Եվրոպայում տեղի ունեցած մի քննարկման ժամանակ, և իրեն դրա մասին տեղյակ են պահել իր եվրոպացի կոլեգաները։ Երբ պարզաբանումերի պրոցես է սկսվել՝ ինչո՞ւ չի զեկուցվել, այդ աշխատողն ազատվել է աշխատանքից և մի քանի օր հետո աշխատանքի անցել այն ավիաընկերությունում, որը ստուգվել է և որտեղ խախտումները ներկայացվել են», - ասել է Փաշինյանը: 

Վարչապետը նաև տեղեկացրել է, որ փաստով 2 քրեական գործ կա հարուցված: