Թուրքիայում 1000-ավոր դատապարտյալներ բանտերից դուրս գալու հնարավորություն են ստացել

 ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News      

Թուրքիա

Թուրքիայի խորհրդարանում հաստատվել է քրեակատարողական հիմնարկներում գտնվողներին վերաբերող փոփոխություններ նախատեսող նոր օրենքը։ Այն բանտերից դուրս գալու հնարավորություն է ստեղծում շուրջ 90․000 բանտարկյալի համար։

Ըստ օրենքի՝ պայմանական ազատության ժամկետը հասցվել է 3 տարվա։ Նախատեսվում է նաև կիսով չափ նվազեցնել պատժաչափերը։ Գրել է Ermenihaber-ը։

Բաց ռեժիմի բանտերում գտնվողները մինչև մայիսի 31-ը իրենց պատիժը կկրեն տանը։ Տնային կալանքի ձևով իրենց պատիժները կկրեն նաև 65-ից բարձր տարիքային խմբին պատկանող կամ հատուկ խնամքի կարիք ունեցող անձինք, նաև՝ մինչև 6 տարեկան երեխաներ ունեցողները։

Օրենքը չի տարածվելու այն բանտարկյալների վրա, որոնք դատապարտվել են ահաբեկչության, սեռական բնույթի հանցագործությունների, կանանց դեմ բռնության, ինչպես նաև՝ թմրանյութերի արտադրության և շրջանառության համար։

Մյուս կողմից էլ պատժի խստացում է նախատեսվում այն բանտարկյալների համար, որոնք դատապարտվել են շահույթ ստանալու նպատակով հանցավոր խմբավորում ստեղծելու կամ վաշխառության համար։

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ում դժգոհություն է հայտնել նոր օրենքի ընդունման առթիվ։ Նա հրապարակել է պատգամավորների խմբային լուսանկարն ու գրել․

«Չմոռանաք այս մարդկանց, որոնք հավանություն են տվել մի օրենքի, որով քաղաքական գործիչները, լրագրողներն ու Twitter-ում գրառում անողները դատապարտվում են մեռնելու բանտերում»։ Կարոն հավելել է, որ այդ օրենքն ընդունողները հետագայում հերքելու են իրենց մեղքը՝ հայտարարելով, թե օրենքը պարտադրված է եղել նախագահական պալատի կողմից։