Ռոբերտ Քոչարյանը դատական հայցեր է ներկայացրել ընդդեմ ՔԾ-ի և Հայաստանի Հանրապետության

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական հայցեր է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության և Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՔԾ-ի: Այդ մասին 24News-ի հետ զրույցում նշեց Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։

«Պնդում ենք, որ անմարդկային վերաբերմունքը դադարեցնեն։ Ցանկացած անձ, որը 60 տարեկանից բարձր տարիքի է, ունի որոշակի հիվանդություններ և կորոնավիրուսի տարածման պայմաններում գտնվում է ՔԿՀ-ում, դա անմարդկային վերաբերմունք է, հատկապես, երբ տվյալ ՔԿՀ-ում արդեն իսկ մի շարք աշխատակիցների մոտ հաստատվել է կորոնավիրուսը», - նշեց Օրբելյանը։ 

Պաշտպանը նշեց նաև՝ Քաղաքացիական դատարան դիմել են Քաղաքացիական օրենսգրքում նախատեսված վնասի բացառման հայցով․ 
«Բացառիկ մոտեցում ենք պահանջում, եթե խոշտանգման դեպք տեղի ունենա կամ անմարդկային վերաբերմունք լինի։ Միաժամանակ դիմել ենք վարչական դատարան՝ պահանջելով, որպեսզի քրեակատարողական ծառայությունն ապահովի խոշտանգման չենթարկվելու իրավունքը», - նշեց Օրբելյանը։

Օրբելյանը պարզաբանեց նաև, որ, ըստ էության պնդում են, որ ՔԿՀ-ում չմնա Ռոբերտ Քոչարյանը և ցանկացած անձ, որը ռիսկային խմբում է։ 

Պաշտպանը հավելեց, որ իրենց հայցադիմումները համահունչ են միջազգային կառուցների՝ ՄԱԿ-ի և ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարների, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայտարարություններին։ Օրբելյանը հայտնեց, որ դատարան են դիմել, որ առնվազն ժամանակավորապես իրավական եղանակով ապահովեն Ռոբերտ Քոչարյանի ազատությունը։

Նշենք, որ Քրեակատարողական ծառայության դեմ ներկայացված հայցը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Ռաֆիկ Խանդանյանին: Հայցի պահանջը ՔԾ-ին պարտավորեցնելն է ձեռնպահ մնալ Ռոբերտ Քոչարյանի՝ ՀՀ սահմանադրության 26-րդ և Կոնվենցիայի 3-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքների խախտումները թույլ տալուց։ Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացված քաղաքացիական հայցը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոռ Թորոսյանին:

Սոնա Գրիգորյան