Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, կմնա կալանքի տակ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

նարեկ

Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, կշարունակի մնալ կալանքի տակ։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, մերժել է Սարգսյանի կալանավորման երկարաձգման որոշման դեմ ներկայացված բողոքը։ Այդ մասին 24News-ին տեղեկացրեց Նարեկ Սարգսյանի պաշտպան Արթուր Պիվազյանը։

Պաշտպանը նշեց, որ դեռ չի ստացել դատարանի որոշումը, այդ պատճառով հիմքերին ծանոթ չէ, բայց հավելեց, որ ամենայն հավանականությամբ կբողոքարկի։

Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանը շուրջ 1,5 տարի հետախուզվելուց հետո 2019 թվականի դեկտեմբերի 21-ին ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Չեխիայից տեղափոխվել էր Հայաստան, ինչից հետո դատարանը բավարարել էր նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու վերաբերյալ միջնորդությունը։

Նարեկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել 2018-ի հունիսին ապօրինի զենք-զինամթերքի, ինչպես նաև թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության հատկանիշներով ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակում: