Շուշիի ՔԿՀ-ում քվեարկությունը կմեկնարկի ժամը 11:00-ին․ ընտրատեղամաս է բացվել նաև Երևանում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News  

Արցախ քվեարկություն

Արցախում ժամը 8.00-ին բացվել է 281 ընտրական տեղամասերը, այդ թվում՝ Երևան 1 տեղամասը՝ ՀՀ-ում: Քվեարկությունը սկսված է: 

Շուշիի քրեակատարողական հիմնարկում քվեարկությունը կմեկնարկի ժամը 11:00-ին: 

Հիշեցնենք, որ այսօր Արցախում անցկացվում են հանրապետության նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունները: 

Համաձայն ԿԸՀ տեղեկանքի՝ Արցախի Հանրապետության ընտրողների ընդհանուր թիվը 103 506 է:  Մայրաքաղաքում և շրջաններում պատկերը հետևյալն  է. Ստեփանակերտ` 39 218 ընտրող, Ասկերանի շրջան` 11 832, Հադրութի շրջան` 8 617, Մարտակերտի շրջան` 13 092, Մարտունու շրջան`17 398, Շահումյանի շրջան` 2 136, Շուշիի շրջան` 3 930, Քաշաթաղի շրջան` 7 283:

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու համար հայտ է ներկայացրել 14 թեկնածու. «Անկախության Սերունդ» կուսակցությունն առաջադրել է Ռուսլան Իսրայելյանի թեկնածությունը, «Արդարություն» կուսակցությունը` Վիտալի Բալասանյանինը, Պահպանողական կուսակցությունը` Դավիթ Բաբայանի թեկնածությունը, «Հայ Հեղափոխական Դաշնակցությունը»` Դավիթ Իշխանյանինը, Արցախի Ժողովրդավարական կուսակցությունը` Աշոտ Ղուլյանինը, «Ազգային վերածնունդ» կուսակցությունը` Հայկ Խանումյանին, «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը` Արայիկ Հարությունյանինը, «Միացյալ Հայաստան» կուսակցությունը` Վահան Բադասյանինը, ինքնաառաջադրվել են Մասիս Մայիլյանը, Սերգեյ Ամիրյանը, Քրիստին Բալայանը, Բելա Լալայանը, Մելսիկ Պողոսյանը, Աշոտ Դադայանը։

Արցախի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 10 կուսակցություն։