Ահազանգ. երեխան թունավորվել է սուպերմարկետի սարդելկայից. լաբորատոր փորձաքննություն կլինի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

բորբոս

Մարտի 29-ին քաղաքացի Սևակ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ տեղեկացրել է, որ իր երեխայի ինքնազգացողությունը վատացել է սննդային թունավորման պատճառով, և ինքը շտապօգնություն է կանչել: Նա ցույց է տվել նաև «Երևան Սիթի» ս/մ ցանցի Ջրվեժի մասնաճյուղից գնված սնունդը՝ բորբոսնած սարդելկաները, որից, հնարավոր է, կերել և թունավորվել է երեխան: Այս մասին հայտնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման խմբի մասնագետները հեռարձակումից կարճ ժամանակ անց այցելել են քաղաքացուն, ճշտել հանգամանքները, տանն առկա սարդելկայից վերցրել նմուշներ:

ՍԱՏՄ աշխատակիցները եղել են նաև «Երևան Սիթի» ս/մ ցանցի Ջրվեժի մասնաճյուղում: Պարզվել է, որ քաղաքացու գնած «Մոյա Սեմյա» ապրանքանիշի սարդելկաները, և ընդհանարպես ողջ մսամթերքը, պահվում են սանիտարահիգիենիկ պատշաճ պայմաններում, քաղաքացու նշած 2018 թվականը ապրանքի տեխնիկական պայմանի հաստատման տարեթիվն է, առկա խմբաքանակը ժամկետանց չէ:

Տեսչական մարմնի ներկայացուցիչներն այսօր այցելել են նաև հիվանդանոց տեղափոխված երեխային, որի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար: Երեխայի ինքնազգացողության վատացման պատճառների մասին հայտնի կլինի մի քանի օր անց: 

Քաղաքացու տնից վերցված սարդելկայի նմուշներն այսօր տրվել են լաբորատոր փորձաքննության, արդյունքները կհրապարակվեն պատրաստ լինելուն պես: