ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց գաղտնիության իրավունքներին միջամտելու նախագիծը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ՝ 57 կողմ, 24 դեմ և 1 ձեռնպահ ձայներով, ընդունել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մակունցը նշել է, որ «Իմ քայլը» կողմ կքվեարկի նախագծին, հանդես կգա առաջարկներով: Իսկ քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները նշել էին, որ դեմ են քվեարկելու:

Նախագիծը ենթադրում է արտակարգ դրութան ժամանակ անհրաժեշտության դեպքում միջամտություն իրականացնել անձնական տվյալների պաշտպնության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին։

Նախագծով նախատեսվում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ ստացող հաճախորդների կողմից օգտագործվող ծառայության վայրը պարզելու համար անհրաժեշտ տվյալների հավաքագրում։

Հավաքագրվում են նաև հաճախորդի հեռախոսահամարի հետ ուղիղ կամ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունը սկսելու ամսաթիվը, սկիզբը և ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ, իսկ հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում այն հեռախոսահամարի վերաբերյալ տվյալները, որին փոխանցվել է զանգը:

Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորի կողմից տվյալներ տրամադրելիս արգելվում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով հաղորդվող բովանդակության նկատմամբ ցանկացած տեսակի հսկողությունը, այդ թվում՝ հեռախոսային խոսակցությունը և ձայնային հաղորդագրությունները փոխանցելը, ձայնագրելը կամ դրանց բովանդակությունն այլ ձևով ամրագրելը:

Տվյալների մշակումն իրականացվում է բացառապես մինչև արտակարգ դրության դադարեցումը, վերացումը կամ համապատասխան միջոցառման իրականացումը դադարելը։

Սահմանված նպատակներից չբխող այլ նպատակներով կամ սահմանված կարգի խախտմամբ տվյալները մշակելը, այդ թվում. պահելը, օգտագործելը կամ տարածելը, ինչպես նաև հեռախոսային խոսակցությունը և ձայնային հաղորդագրությունները փոխանցելը, ստանալը, ձայնագրելը կամ դրանց բովանդակությունն այլ ձևով ամրագրելը, սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով տվյալները չապանձնավորելը և չոչնչացնելը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

Ըստ նախագծի՝ փոխանցված կամ մշակված տվյալները ապանձնավորվում են, իսկ անձնավորված տվյալները ոչնչացվում են արտակարգ դրության ավարտից հետո. արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ժամկետում և կարգով: Բոլոր դեպքերում անձնավորված տվյալները պետք է ոչնչացված լինեն ոչ ուշ, քան արտակարգ դրությունն ավարտվելուց մեկ ամիս հետո: