Քոչարյանի նկատմամբ անձնական երաշխավորություն կիրառելու խափանման միջոցը կքննի Դանիբեկյանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News   

Աննա Դանիբեկյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմի անդամ, պաշտպան Հովհաննես Խուդոյանի կողմից` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանին ուղղված դիմումը` Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդության քննարկումը մակագրելն այլ դատավորին` մերժվել է: Այս մասին Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում։

Պաշտպանն իր ֆեյսբուքյան էջում ավելի վաղ գրել որ, որ  ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հարցազրույցից հետո պարզ է, թե ինչ որոշում կկայացնի դատարանի նախագահը: Արձանագրենք, որ ԲԴԽ նախագահը հարցազրույցներից մեկում ասել էր,« Օրենքը հստակ կարգավորում է, թե նման դեպքերում ինչպես պետք է վարվի դատարանի նախագահը: Ես զրուցել եմ դատարանի նախագահի հետ, տեղյակ եմ, որ նա ստացել է գրություն, որով փաստաբանները խնդրում են Աննա Դանիբեկյանին փոխարինել այլ դատավորով, որպեսզի այդ միջնորդությունը քննարկվի: Օրենքը հստակ կարգավորում է, որ վարույթն իրականացնող մարմինը, այսինքն` դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանը կարող է այդ միջնորդությունը քննարկել: Ես չգիտեմ` ի՞ նչ է պատասխանելու դատարանի նախագահը, բայց իմ իրավագիտակցությունը և դատարանի նախագահ աշխատելու իմ երկարամյա փորձն ինձ ասում են, որ նույնիսկ ցանկության դեպքում դատարանի նախագահն այս պարագայում չի կարող դատավոր փոխել»:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի համար անձնական երաշխավորություն են ներկայացրել Հայաստանի նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։

Աննա Դանիբեկյանը ենթարկվել է վիրահատության ու դեռ պարզ չէ, թե երբ կնշանակվի դատական նիստը։