Ոստիկանապետի տեղակալը հանձնարարել է պահպանել հակահամաճարակային անվտանգության կանոնները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News   

Մարտի 20-ին ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանն այցելեց ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական ստորաբաժանում։
Այցի նպատակն էր` ստուգել արտակարգ դրության պայմաններում ստորաբաժանման ծառայությունն ու պաշտպանվածությունը կորոնավիրուսից։

Ոստիկանության պետի տեղակալը եղավ տրանսպորտային միջոցների հաշվառման սրահում, հետևեց վարորդական իրավունքի վկայական ստանալու համար տեսական ու գործնական քննությունների ընթացքին։
Այցի ընթացքում հաշվառման-քննական ստորաբաժանման ղեկավար Արմեն Սարգսյանը ներկայացրեց ծառայության մանրամասները։

Հայկ Մհրյանը մատնանշելով թերությունները՝ խիստ հանձնարարական տվեց պահպանել հակահամաճարակային անվտանգության կանոնները և քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություն։
Հարգելի՛ քաղաքացիներ, ևս մեկ անգամ կոչ ենք անում հաշվառման-քննական ստորաբաժանումներ կամ վարչական շենքեր այցելել առանց ուղեկցող կողմնակի անձանց, հնարավոր բոլոր գործողություններն իրականացնել roadpolice.am էլեկտրոնային հարթակի, իսկ վարչական ակտերի բողոքարկման, տեղեկատվություն ստանալու, տուգանքի վճարումը տարաժամկետելու կամ տրանսպորտային միջոցի վերասարքավորման դիմումները ներկայացնել [email protected] էլեկտրոնային փոստի միջոցով։