Արցախում կրթական հաստատությունները մեկ շաբաթով դադարեցնում են իրենց աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

Արցախ

Արցախի կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը մարտի 13-ին, Ստեփանակերտի հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ անց է կացրել խորհրդակցություն, քննարկել դասապրոցեսի դադարեցման հարցը՝ կապված նոր  կորոնավիրուսի տարածման հետ:

Նա ասել է, որ ԿԳՍ նախարարության համակարգի պատասխանատուները պարբերաբար քննարկում են ոլորտի հետագա գործողությունները և նախանշում անելիքները:

«Եթե անհրաժեշտություն է առաջանում  դադարեցնել պարապմունքները, ապա ուսուցիչները պետք է այդ ընթացքում  աշակերտներին տնային առաջադրանքներ հանձնարարեն, իրականացվեն ճկուն աշխատանքներ և, ըստ անհրաժեշտության, կայացվեն որոշումներ՝ արտաքին ընթացիկ ստուգումների, միասնական քննությունների մասով: Խնդիրը մեկն է՝ պահպանել առողջությունը, թույլ չտալ նոր կորոնավիրուսի ներթափանցումը և տարածումն Արցախում և, միաժամանակ, հասցնել յուրացնել ուսումնական ծրագրերը»,- նշել է նախարարը:

Անդրադառնալով հաճախելիության ցուցանիշներին՝ Նարինե Աղաբալյանն հայտնել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում ձեռնարկած միջոցառումները տվել են իրենց դրական արդյունքները. ընթացիկ շաբաթվա հաճախումները նորմայի շրջանակներում են:

«Ունեցել ենք հատուկենտ դպրոցներ, որտեղ բացակաների թիվը շատ էր. նման ցուցանիշներ գրանցվել են հիմնականում գյուղական այն բնակավայրերում, որտեղ սակավաթիվ են աշակերտները: Մարտի 11-ի դրությամբ, հանրապետության հանրակրթական դպրոցներում ունեցել ենք 9,2% բացակայություն, իսկ մարտի 12-ին՝ 8%. նվազումն ակնհայտ է»,- ավելացրել է նա։

Ինչ վերաբերվում է սուր շնչառական վարակներին և գրիպին, ոլորտի պատասխանատուն տեղեկացրել է, որ իրականացված կանխարգելիչ միջոցառումների արդյունքում հաջողվել է կասեցնել հիվանդությունների տարածումը, որն էլ խիստ անհրաժեշտ է առողջապահական համակարգը չծարնաբեռնելու համար:

Նա վստահություն է հայտնել, որ ճիշտ գործողությունների արդյունքում կկարողանան կանխել նաև նոր կորոնավիրուսի տարածումը:

Այն հարցին, թե դասերի երկշաբաթյա դադարեցումը ինչպես պետք է լրացնեն, Նարինե Աղաբալյանը պատասխանել է. «Շատ կարևոր է ուսուցիչների և տնօրենների անելիքների ճիշտ բաշխումը: Պետք է անպայման բարձրացնենք յուրաքանչյուրի սոցիալական պատասխանատվության գիտակցումը. յուրաքանչյուր ոք պատասխանատու է ոչ միայն իր, այլև իր շրջապատի առողջության համար: Գրիպով հիվանդ կամ ջերմություն ունեցող ուսուցիչները և աշակերտները չպետք է հաճախեն ուսումնական հաստատություն: Բաց թողնված դասերի լրացման ուղղությամբ կաշխատեն մեթոդական միավորման պատասխանատուները, առցանց հավելվածների միջոցով ուսուցիչներն աշակերտներին կկարողանան ստուգել և տեղեկանալ հանձնարարությունների կատարման ընթացքի մասին: Ըստ անհրաժեշտության՝ կրթական ծրագիրը կխտացնենք և համապատասխան այլ քայլեր կձեռնարկենք»:

Արցախում գործող օպերատիվ շտաբի խորհրդակցությանը, որը վարել է ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը, որոշում է կայացվել, որ նախադպրոցական, արտադպրոցական, հանրակրթական միջին մասնագիտական (արհեստագործական) և բարձրագույն ուսումնական հաստատությունները կդադարեցնեն աշխատանքները մեկ  շաբաթով՝   սկսած  մարտի  14-ից: