Արայիկ Հարությունյանը մարտական ընկերոջ՝ Գավրուշ պապի հետ հերոսության մասին է պատմել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

Արայիկ

Արցախում շարունակվում է նախընտրական քարոզարշավը: Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր համայնքի հանդիպումից նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում ուշագրավ պատմություններ է ներկայացրել։

«Երեկ Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր համայնքում էի: Սա նախընտրական քարոզարշավ համարել չի կարելի. այն հանդիպում էր մարտական ընկերներիս հետ: Իննսունմեկամյա Գավրուշա պապը, որն այսօր մեր ամենաավագն է, պատերազմի դժնդակ օրերին իսկական հերոսի կերպար էր: 1992 թ.-ին, երբ մարտական գործողություններ էինք իրականացնում Հարությունագոմերի մատույցներում, սննդի խնդիր ունեինք և քննարկում էինք, թե ինչպես կարելի է հաղթահարել այն: Մեկ էլ Գավրուշա պապը մի անհավանական որոշում կայացրեց, որի մասին պետք է իմանայինք ավելի ուշ: Նա, թիկունք մեկնելու փոխարեն, որոշեց մտնել հարազատ գյուղ, որտեղ թշնամու հրոսակները վխտում էին ամենուր, և սեփական օջախից գտավ ու բերեց ուտելիքի այն անհրաժեշտ պաշարը, որի կարիքն ուներ զինվորը...

Ի դեպ, իմ անձնական ֆոտոարխիվից մի հետաքրքիր լուսանկար գտա՝ կապված Հարությունագոմերի ազատագրման հետ: Լուսանկարում ական եմ տեղադրում, որը, բարեբախտաբար, ծառայեց իր նպատակին, քանի որ ժամեր անց այն շարքից հանեց մեր դեմ հարձակման անցած թշնամու տանկը:

Պատերազմական օրերից մոտ երեք տասնամյակ է անցել, բայց հետաքրքիր պատմությունները՝ նվիրական հուշեր դարձած, մեր մշտական ուղեկիցներն են՝ որպես չգերազանցված դասեր...»,- գրել է Հարությունյանը: