Հնարավոր է՝ հիփոթեքային վարկի համար վերադարձվող եկամտահարկի ծրագիրը դադարեցվի. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

/

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հիփոթեքային վարկի համար վերադարձվող եկամտային հարկի ծրագիրը իսկական գլխացավանք է դարձել պետական բյուջեի համար: Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային Ժողով-Կառավարություն հարցուպատասխանին հայտարարեց, որ ԱԺ պատգամավորներից մեկը կառավարությանն առաջարկել է ծրագիրը այս վիճակով կանգնեցնել. «Այդ հավելյալ գումարը, որ պետք է տանք քաղաքացիներին, դրանով սոցիալական բնակարանաշինություն կիրականացնենք: Դա էլ գաղափար է, որը քննարկում ենք»:

Այս ծրագիրը ներդրվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամ­յանի կառավարության ժամանակ՝ կապիտալ շինարարությունը վերակենդանացնելու հիմնավորմամբ:

Նկատենք, որ ծրագիրը կանգնեցնելու վերաբերյալ կառավարության ձեռնարկած քննարկումները խիստ մտահոգել են այն երիտասարդ ընտանիքներին, որոնք օգտվում են այդ ծրագրից:

Սակայն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վստահեցրեց. «Ովքեր օգտվում են այս ծրագրից, շարունակելու են օգտվել»: Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ առաջիկա օրերին մեկ այլ առաջարկությամբ կդիմի ՀՀ կառավարություն. «Մոտ 10 օրից կվերջացնեմ եւ կուղարկեմ կառավարություն:

Ես առա­ջարկում եմ, որ այդ իրավունքը գործի մինչեւ 30 մլն դրամ արժողության բնակարանների համար»:
Սակայն նրա առաջարկության մեջ բացակայում է երկ­րորդային շուկային վերաբերող կետը. «Ոչ, ոչ... մտածում եմ դրա շուրջ, բայց կարծում եմ, որ դա ճիշտ չի լինի, որովհետեւ չարաշահումների տեղիք կտա: Այսինքն՝ ֆիկտիվ ձեւակերպում կանեմ, որ բնակարան եմ գնել իմ բարեկամից, ընկերոջից, եւ կշրջանցեմ եկամտահարկ մուծելու այդ հանգամանքը»:

Նշենք, որ եթե 55 միլիոն դրամ շեմը նվազեցվի՝ հասնելով 30 մլն դրամի, ապա բազմաթիվ երիտասարդ ընտանիքներ կօգտվեն ծրագրից եւ բնակարա­նատեր կդառնան, մնում է կարողանան այդ գնով տուն գտնել, ինչը շատ դժվար է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում