Ֆրանսիական ձեռնարկությունները գալիս են Հայաստան․ այստեղ կա իրատեսական հնարավորություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

լաքոտ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին: Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ 2018 թվականից ի վեր Ֆրանսիան հատուկ ուշադրությամբ է վերաբերվում հետհեղափոխական Հայաստանին` գնահատելով կոռուպցիայի դեմ տարվող հետևողական պայքարը: Արդյունքում, դեսպանի խոսքով, ֆրանսիական մի շարք ձեռնարկություններ հետաքրքրված են Հայաստանում գործունեություն ծավալելու հեռանկարով․ «Նրանք չեն գալիս Հայաստան այլ սուբյեկտիվ պատճառներով. նրանք գալիս են, որովհետև այստեղ կան իրատեսական հնարավորություններ», - ասել է Ժոնաթան Լաքոտը: Դեսպանը ներկայացրել է Հայաստանում խոշոր ներդրումային ծրագրերի իրականացմանն ուղղված աշխատանքները և նախարարի հետ միասին նախանշել առաջիկա անելիքները:

Նախարար Տիգրան Խաչատրյանն ընդգծել է, որ այդ ծրագրերի հաջողությունը էլ ավելի մեծ չափով կկամրջի երկու երկրների տնտեսությունները: Դեսպանն իր հերթին հավաստիացրել է, որ սպասվող խոշոր ապրանքանիշերի մուտքը Հայաստան կփոխի նաև ֆրանսիական ներդրումայի համայնքի վերաբերմունքը երկրի հանդեպ:

Հանդիպման ընթացում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագրի մանրամասները, որն, ըստ դեսպանի, ֆրանսիական ամենախոշոր ընթացիկ ծրագիրն է: «Այն նորարարական տեխնոլոգիաները և գիտելիքները, որ  պետք է փոխանցվեն մեր ֆերմերներին, կարևորագույն հենակետ են գյուղատնտեսության ոլորտում արտադրողականությունը բարձրացնելու համար: Դա նաև շատ լավ հնարավորություն է լուծելու փոքր տնտեսությունների խնդիրը»,- ասել է նախարարը:

Կողմերը մտքեր են փոխանակել աշխարհագրական նշումներին առնչվող հարցերի վերաբերյալ: Տիգրան Խաչատրյանը նշել է, որ Հայաստանը հանձնառու է ստանձնած պարտավորությունների իրականացմանը և ընդգծել, որ կարևոր է նշումների ինստիտուտի կայացումը. «Մենք շարունակում ենք մեր քննարկումները ֆրանսիացի գործընկերների հետ, որոնք պետք է առավելագույն օգուտ ստեղծեն: Մենք շատ ուշադիր ենք այս ծրագրի բովանդակության նկատմամբ՝ նախօրոք ճիշտ ձևակերպելով օրակարգը»,- նշել է նախարարը:

Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում գործող ֆրանսիական կապիտալով ընկերություններին և նրանց առաջիկա ծրագրերին: Նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ վերջիններիս հետ պարբերաբար հանդիպումներ է ունենում ՝ քննարկելու առաջացող խնդիրները և ընթացիկ նախագծերը: