Տիգրան Խաչատրյանը և Ղազախստանի դեսպանը քննարկել են գործարարների երկխոսության եղանակները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւին: 

Ղազախստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ, անդրադառնալով Առեւտրատնտեսական հարցերով հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի նախապատրաստման աշխատանքին, նշել, որ ուրախ է նախարարի հետ քննարկել օրակարգային կարեւոր հարցերը:

Թիմուր Ուրազաեւը տեղեկացրել է, որ միջկառավարական հանձնաժողովի համանախագահող կողմ է նշանակվել Ղազախստանի Արդյունաբերության եւ ենթակառուցվածքների զարգացման նախարարությունը:

Կողմերը պայմանավորվել են մեկտեղել ջանքերը՝ համագործակցության այդ հարթակը ավելի արդյունավետ դարձնելու նպատակով: Նախարարը եւ դեսպանը քննարկել են երկու երկրների գործարար շրջանակների երկխոսության նպատակահարմար եղանակները, նախանշել այն ոլորտները, որտեղ կա փոխգործակցության առավել էական ներուժ, մասնավորապես՝ ոսկեգործությունը, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակումը, ինովացիոն տեխնոլոգիաները եւ այլն:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքները շարունակել հանձնաժողովի նիստի հագեցած օրակարգի եւ բովանդակության մշակման, ինչպես նաեւ գործարար շրջանակների հաղորդակցության ուղղությամբ: