Երվանդ Զախարյանի և Արսեն Լալայանցի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

 ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

Երվանդ Զախարյան

Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Արսեն Լալայանցի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՔԾ-ից։

Ըստ ՀՔԾ-ի՝ քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Երևանի նախկին քաղաքապետն Երվանդ Զախարյանը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Արսեն Լալայանցը կատարել են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքներ:

«Այսինքն` նշված պաշտոնատար անձանց գործողությունների հետևանքով «Հաղթանակ» զբոսայգու հողամասի մասը կազմող և պետական սեփականություն հանդիսացող, 2.990.000.000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող, օտարման ոչ ենթակա 10000 քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով, կադաստրային արժեքով` 164.760.000 ՀՀ դրամով, օտարվել է մասնավոր ընկերության, և հասարակությունը հանիրավի զրկվել է ազգային զբոսայգու մի ստվար հատվածից:

Նկատի ունենալով, որ վերը նկարագրված դեպքում անցել են քրեական պատասխանատվության ենթարկելու` օրենքով նախատեսված ժամկետները, նշված անձինք դիմել են վարույթն իրականացնող մարմնին և հայտնել, որ չեն առարկում ոչ արդարացնող, այն է` վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով իրենց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ, ուստի ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել նշված հիմքով նրանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:

Որոշման օրինակն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն` օտարված հիշյալ անշարժ գույքի գործարքներն առ ոչինչ ճանաչելու և գույքային միավորը պետության հաշվեկշիռ վերադարձնելու պետական շահերի հայց ներկայացնելու հարցը քննարկելու նպատակով:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է` «Հաղթանակ» զբոսայգուն հարակից տարածքներում գտնվող առանձնատների կառուցման համար հողահատկացման իրավաչափությունը և մյուս հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- նշեցին ՀՔԾ-ից:

Հիշեցնենք, որ նախկին քաղաքապետի որոշմամբ «հաղթանակ» զբոսայգու 10.000 քմ տարածքի օտարման փաստով քրեական գործը հարուցվել էր 2019թ. սեպտեմբերին, նույն ամսվա վերջին Զախարյանին և Լալայանցին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, ինչը հանգեցրել է ծանր հետևանքներ։

Աղբյուրը՝ «Փաստինֆո»։