Այս ձմեռը 100 տարվա ընթացքում ամենատաքն է դարձել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

Ձմեռ

Օրացուցային տարին, ըստ գիտնականների, մի քանի ջերմաստիճանային ռեկորդ է գրանցել։

Տարին՝ 1880-ից սկսած դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում դարձել է ամենատաքը ոչ միայն աշխարհի առանձին տարածաշրջաններում, այլև ամբողջ Հյուսիսային կիսագնդում։ Ընդ որում ձմեռն առավել տաք է եղել Ռուսաստանում։

Եվրոպայում դեկտեմբերից փետրվար մոտ 3°C-ով ավելի տաք է եղել՝ համեմատած 1910-2000թթ․ միջին ցուցանիշի, Մոսկվայում, Պետերբուրգում և նույնիսկ Նովոսիբիրսկում եղանակը գերազանցել է միջին ամսական ջերմաստիճանը ավելի քան 7°C-ով։

Համեմատության համար՝ Լոնդոնում այս ձմեռ միջին ջերմաստիճանի բարձրացումը կազմել է 2°C-ից մի քիչ պակաս, Նյու Յորքում և Վլադիվոստոկում՝ մոտ 3°C,  Մոնրեալում՝ մոտ 4°C-ով։

Ի հեճուկս ակնհայտ բացատրության՝ պատճառը բոլորովին էլ գլոբալ տաքացումը չէ, ամեն դեպքում՝ ոչ ուղղակիորեն։

Երկրագնդի վրա միջին ջերմաստիճանն իսկապես աճում է, սակայն ոչ այդքան արագ։ Վերջին 20 տարիներին երկրագունդը տաքացել է մոտ 1,14°C-ով՝ համեմատած անցյալ դարի միջին ցուցանիշի հետ։

Սովորաբար ցրտաշունչ եղանակին Հյուսիսային կիսագունդ սառը հոսանք է գալիս Արկտիկայից՝ ցիկլոնների և հակացիկլոնների հետ ներթափանցելով ստորին լայնությունների մեջ։ Սակայն դեռևս դեկտեմբերին բևեռային շրջանում ցածր ճնշման լայնարձակ տարածք էր ձևավորվել, որը սառնամանիքը փակել էր հյուսիսում՝ չթողնելով արկտիկական օդային զանգվածներին ներթափանցել հարավ։

Հունվարին այդ վիճակն ամրապնդվել է, ինչի արդյունքում համարյա ամբողջ ամիս քամիները շրջում էին երկրագնդի ամենահյուսիսում՝ չհասնելով մայրցամաքի բնակելի տարածքներ։

Առանց Արկտիկայից սառը օդի լրացուցիչ մատակարարումների ձմեռը սովորաբար բավական տաք է լինում, բացատրում են օդերևութաբանները։ Պարզապես այս տարի շրջանառությունը անհավանական կայուն էր և շարունակվում էր համարյա ամբողջ սեզոնի ընթացքում։ Ինչո՞ւ դա տեղի ունեցավ, և եղե՞լ է արդյոք նման բան նախկինում։

Հնարավոր պատճառներն այնքան շատ են, որ ոչ մի մասնագետ-օդերևութաբան չի ստանձնի թեկուզ ինչ-որ բան հաստատելու պատասխանատվությունը՝ ամեն դեպքում այժմ։