Մի անգամ չեմ լսել՝ իրենք դատավորին ասեն՝ ինչո՞ւ եք նիստը շաբաթը մի օր նշանակում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

լևոն

«Մի անգամ չեմ լսել, որ իրենք դատավորին ասեն՝ հարգելի դատավոր, ինչո՞ւ եք նիստը շաբաթը մի օր նշանակում, ամեն օր դիր»։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Մարտի 1-ի» գործով այսօրվա դատական նիստին։

Նա շեշտեց, որ Աննա Դանիբեկյանի համար ճիշտ կլինի հրաժարվել այս գործից․ «Սպասենք, կտեսնենք՝ ինչպիսին կլինի որոշումը։ Կարծում եմ, որ իր համար էլ, բոլորի համար էլ ճիշտ բան կանի, որ հրաժարվի էս գործից»։

Լևոն Քոչարյանը մեկնաբանեց այն կարծիքը իբրև պաշտպանական կողմը ձգձգել է դատաքննությունը. «Խնդիրը համարում եմ այն, որ հայրս ապօրինի ձևով կալանքի տակ է։ Տեսաք, որ հրապարակվեցին այդ վերծանումները։ Նույն հին հանգամանքներն է, որը ապացուցում է՝ ինչ շինծու ու ինչ կարգի է ուղղորդված երկրի վարչապետի կողմից։ Այսինքն՝ մենք պիտի ասենք՝ դե լավ, եկեք տարիներով գործը տարեք, ու այդ ընթացքում էլ հայրս պիտի կալանքի տակ մնա՞. սա է իրենց տրամաբանությունը։ Այն կարծիքը, թե մենք անընդհատ ձգձգում ենք, և դրանք անհարկի միջնորդություններ են, մի անգամ չեմ լսել, որ իրենք դատավորին ասեն՝ հարգելի դատավոր, ինչո՞ւ եք նիստը շաբաթը մի օր նշանակում, ամեն օր դիր։ Նույնիսկ հայրս հիվանդանոցում մի քանի օր պառկեց, ասում էին՝ հատուկ է գնացել»,- հավելեց Լևոն Քոչարյանը զրույցում։