Հույս ունեմ, որ մեր եկեղեցիների հարաբերությունները կշարունակեն լինել եղբայրական. Իլյա 2-րդ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ:

Վրաստանի հոգևոր առաջնորդը ողջունել է վարչապետ Փաշինյանի պաշտոնական այցը և վստահություն հայտնել, որ այն կնպաստի հայ-վրացական կապերի հետագա զարգացմանը: 

1
«Մենք ապրում ենք դժվար ժամանակներում, բայց այդ դժվարությունները մենք պետք է հաղթահարենք միասին: Հույս ունեմ, որ մեր եկեղեցիների հարաբերությունները կշարունակեն լինել եղբայրական և կնպաստեն երկու ժողովուրդների փոխգործակցության հետագա զարգացմանը»,- ասել է Իլյա Երկրորդը:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նկատել, որ առաջին անգամ Իլյա Երկրորդի հետ հանդիպում ունեցել է 2018 թվականի հունիսին, որից պահպանել է ջերմ հիշողություններ: 

«Այս ընթացքում մեր հարաբերություններում արձանագրվել է դրական շատ բան, մեզ հաջողվել է այնպես անել, որպեսզի երկու երկրների հարաբերությունները շարունակեն զարգանալ»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ երկու ժողովուրդների` քրիստոնեական արժեհամակարգին հավատարմությունը ևս մեծ դեր է խաղում քաղաքական հարաբերություններում: 

«Ձեր ավանդը մեծ է այդ գործում և ինչի համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

11

Վարչապետը հավելել է, որ երկու երկրների կառավարությունների խնդիրն է սերտ համագործակցությամբ իրական փոփոխությունների հասնել և էլ ավելի ամրապնդել փոխգործակցությունը տարբեր ոլորտներում: 

«Պատրաստ ենք ջանքեր գործադրել, որպեսզի հասնենք ոչ միայն կարճաժամկետ, այլ նաև երկարաժամկետ հաջողությունների»,- նշել է ՀՀ կառավարության ղեկավարը:

Մինչ Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարքի հետ հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել Թբիլիսիի «Հերոսների» հրապարակի հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել:

1