Եթե կորոնավիրուսով վարակման այլ դեպքեր չգրանցվեն, քարոզարշավը բնականոն հունով կընթանա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News      

զեյնալյան

Եթե մեկ շաբաթվա ընթացքում վարակման այլ դեպքեր չգրանցվեն, քարոզարշավը բնականոն հունով կընթանա։ Այս մասին լրագրողներին ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ  Նարեկ Զեյնալյանը։

Դիտարկմանը՝ մարտի 2-ից սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը պետք է մեկնարկեր, դեռևս չի մեկնարկել, արդյո՞ք պատճառը վիրուսն է, Զեյնալյանը պատասխանել է, որ քարոզարշավի հետ կապված քննարկումներ են ընթանում, սակայն քարոզչության ակտիվ փուլը դեռ չի սկսվել. մեկ շաբաթվա ընթացքում, եթե վարակման այլ դեպքեր չգրանցվեն, քարոզարշավը բնականոն հունով կգնա։

Հարցին, թե կանխարգելման ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում, Զեյնալյանն ասել է, որ առողջապահության նախարարը երեկ հայտնել է՝ պահեստավորված դիմակներ կան․

«Տեղյակ չեմ, թե դիմակներն ինչ քանակությամբ են։ Իհարկե, իրավիճակին պետք է լուրջ վերաբերվել, բայց առաջացած խուճապը շատ ավելի լուրջ է և ճիշտ հետևանք չի կարող ունենալ»,- ասել է նա ու հավելել, որ  ամեն դեպքում դիմակ կրելը վարակվելու հավանականությունը չի կրճատում։