35-ամյա վարորդի կողմից վրաերթի ենթարկված 48-ամյա հետիոտնը հիվանդանոցում մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News

հիվանդանոց

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի որոշմամբ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝փետրվարի 28-ին, Երևանի բնակիչ՝ 48-ամյա Արմեն Ծատինյանի մահվան փաստով:

Հիշեցնենք, որ ս.թ. փետրվարի 19-ին, ժամը 20:00-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 35-ամյա Միհրան Մուրադյանը իր վարած Mercedes մակնիշի 10 MG 100 համարանիշի ավտոմեքենայով, Նոր-Նորք վարչական շրջանի Սաֆարյան փողոցի թիվ 1/12 հասցեի մոտ վրաերթի էր ենթարկել հետիոտնին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց, որից հետո ահազանգել էր Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդ Մ. Մուրադյանը անհատ ձեռներեց է, իսկ Գ. Ծառուկյանի որոշմամբ հարուցված քրեական գործը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին:

Ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: