ԱՄՆ-Հայաստան՝ մեկ դար միասին. Հայկական փառատոն Վաշինգտոնում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News

հայկականտոնվաշինգտոնում

2020-ին լրանում է հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարյուր տարին: Հենց այս խորագրով է Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում անցնելու հայկական մշակութային փառատոնը: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի Ձայնը»։ 

Փառատոնը մեկնարկելու է փետրվարի 29-ին՝ շաբաթ օրը՝ Սմիթսոնյան թանգարանի Ֆրիիր ցուցասրահում:

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանի խոսքով, 2020-ը հայ-ամերիկյան հարաբերությունների համար խորհրդանշական տարի է.

«Դեռևս 1920 թվականի ապրիլի 23-ին էր, որ պետքարտուղար Բեմբրիջ Քոլբին Վաշինգտոնում Հայաստանի Առաջին Հանրապետության ներկայացուցչին, Գարեգին Փաստրմաճյանին է փոխանցում ամերիկյան կողմի փաստաթուղթը, որով ճանաչում էր Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:

Միացյալ Նահանգների մայրաքաղաքում «Հայոց Ոդիսականը՝ Նռան Գույնը» հայկական փառատոնին ներկայացված են լինելու առասպել դարձած անուններ. Արամ Խաչատուրյան, Սերգեյ Փառաջանով, Ռուբեն Մամուլյան, Ջիվան Գասպարյան. Վաշինգտոնի ազգային տաճարում մարտի 4-ին տեղի կունենա խոշոր համերգ: Հայաստանից Վաշինգտոնում ներկա կլինեն մշակութային, հասարակական և քաղաքական գործիչներ:

«Ֆիլմերի փառատոնին կմասնակցի ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, իսկ գլխավոր միջոցառմանը, Վաշինգտոնի ազգային տաճարում կայանալիք մեծ համերգին կմասնակցի ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ինչպես նաև ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը», - դեսպան Ներսեսյանի խոսքով, Հայաստանում մեծապես կարևորում և բարձր են գնահատում ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, որոնք նախորդ տարի բարձրացել են ռազմավարական երկխոսության մակարդակի.

«Անկախությունից ի վեր Միացյալ Նահանգները եղել է կարևորագույն գործընկեր Հայաստանում ժողովրդավարական գործընթացների խորացման ուղղությամբ»:

Փառատոնն ավարտվելու է մարտի 14-ին Վաշինգտոնի Ազգային պատկերասրահում՝ անվանի ամերիկահայ ռեժիսոր Ռուբեն Մամուլյանին նվիրված ֆիլմերի ցուցադրությամբ: