Վրաստանի պաշտպանության նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդ

 

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ  28,  24News       

Ղարիբաշվիլի

Վրաստանի  պաշտպանության  նախարար  Իրակլի  Ղարիբաշվիլու  գլխավորած  պատվիրակությունը  փետրվարի  28-ին  այցելել  է  Ծիծեռնակաբերդի  հուշահամալիր`  հարգանքի  տուրք  մատուցելու  Հայոց  ցեղասպանության  զոհերի  հիշատակին:

Ղարիբաշվիլին  և  նրան  ուղկեցող  պաշտպանության  փոխնախարար  Գաբրիել  Բալայանն  այնուհետ  այցելել  են  նաև  Հայոց  ցեղասպանության  թանգարան-ինստիտուտ:

Վրաստանի  պաշտպանության  նախարար  Իրակլի  Ղարիբաշվիլու  գլխավորած  պատվիրակությունը  երկօրյա  պաշտոնական  այցով  Հայաստան  է  ժամանել  փետրվարի  27-ին:

Այցի  ընթացքում  ՀՀ ՊՆ  վարչական  համալիրում  Վրաստանի  պաշտպանության  նախարարի  դիմավորման  պաշտոնական  արարողությունից  հետո  կայացել  է  Հայաստանի  Հանրապետության  և  Վրաստանի    պաշտպանական  գերատեսչությունների  ղեկավարների  առանձնազրույցը,  որին  հաջորդել  է  պատվիրակությունների  ընդլայնված  կազմով  հանդիպումը:

Քննարկվել  են  միջազգային  և  տարածաշրջանային  անվտանգությանն  ու  կայունությանը,    պաշտպանական  ոլորտում  երկու  երկրների  համագործակցությանն  առնչվող  հարցեր,  ինչպես  նաև  Հայաստանի  և  Վրաստանի  մասնակցությամբ  բազմակողմ  ձևաչափով  փոխգործակցության  հնարավորությունները։

Դավիթ  Տոնոյանը  և  Իրակլի  Ղարիբաշվիլին  ստորագրել  են  Հայաստանի  Հանրապետության  պաշտպանության  նախարարության  և  Վրաստանի  պաշտպանության  նախարարության  միջև  պաշտպանության  ոլորտում  երկկողմ  համագործակցության  2020թ․  ծրագիրը։

Հանդիպման  արդյունքներով  երկու  երկրների  պաշտպանական  գերատեսչությունների  ղեկավարները  հանդես  են  եկել  համատեղ  հայտարարությամբ: