Հայտնաբերվել է թմրանյութ 64 և 40 տարեկան երկու տղամարդու մոտ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության և օգտագործման դեմ հետևողական պայքարը:

Փետրվարի 24-ին՝ ժամը 21-ի սահմանում, քրեական հետախույզները Ալեք Մանուկյան փողոցից, թմրանյութ ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով, բերման ենթարկեցին 64 և 40 տարեկան երկու տղամարդու, որոնցից մեկը բնակվում է Արարատի մարզի Նորաբաց գյուղում, մյուսը Երևանի բնակիչ է:

64-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց օգտագործված կաթուցիչ և կանաչ, յուրահատուկ հոտով, չորացված, մանրացված բուսական զանգված: Ըստ նրա` հայտնաբերվածը կանեփ է, ինքն է 2019 թ. նոյեմբերին բերել Վրաստանից:

Նման զանգված հայտնաբերվեց նաև 40-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ: Հետագա միջոցառումներով իրավապահները պարզեցին, որ փետրվարի 14-ին Արամի փողոցի հարակից այգում 64-ամյա տղամարդն էր նրան այդ զանգվածը 20.000 դրամով վաճառել, և դա առաջին դեպքը չէր: Նախորդ տարվա հոկտեմբերից մինչև փետրվարի 14-ը նա 20-հազարական դրամով Նորաբաց գյուղի բնակչից թմրամիջոց էր գնել և օգտագործել:

Նշանակվել է փորձաքննություն: 64-ամյա տղամարդը ձերբակալվել է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը շարունակվում է: