Ոստիկանները բացահայտեցին Էջմիածնում հրազենի գործադրմամբ կատարված սպանությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

Փետրվարի 22-ին` ժամը 11․50-ին, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 36-ամյա տղամարդու դի: Բուժհաստատություն մեկնած ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական անհետաձգելի միջոցառումներ, պարզել են, որ Էջմիածին քաղաքի Արամ Մանուկյան փողոցի թիվ 304 հասցեում 36-ամյա տղամարդու ուղղությամբ ինքնաձիգով կրակել է Էջմիածնի բնակիչ, 62-ամյա մի տղամարդ, որը դեպքի վայրից հեռանալիս թողել է հանցագործության գործիք ինքնաձիգը։ Բացահայտման աշխատանքներին միացած ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ դեպքի օրը` ժամը 13-ի սահմանում, կասկածվողը ներկայացել է ոստիկանություն, ապա տեղափոխվել տարածքային քննչական բաժին ու ձերբակալվել: Դեպքի վայրում հայտնաբերված գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգն ու պարկուճներն ուղարկվել են փորձաքննության։ Սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: