Մինչև 2050 թ․-ը Հայաստանը պետք է ունենա առնվազն 25 օլիմպիական մեդալ․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

փաշինյան

«Հայաստանը մինչև 2050 թվականը պետք է ունենա առնվազն 25 օլիմպիական մեդալ․ սպորտը Հայաստանի կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն»,- կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանի մինչև 2050 թվականի զարգացման ռազմավարության նախագծի մեջ ես առաջարկել եմ կետ ֆիքսենք, որ Հայաստանը մինչև 2050 թվականը պետք է նվաճի շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը, և ֆուտբոլի ազգային հավաքականը մինչև 2050 թվականը պետք է դառնա աշխարհի կամ Եվրոպայի առաջնության մրցանակակիր: Սա ոչ միայն քաղաքական, սոցիալ-հոգեբանական, այլև՝ տնտեսական հարց է», - ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց՝ մի քանի օր առաջ դիտել է «Արարատ-73»-ի մասին ֆիլմ, որտեղ նշվել է, թե Խորհրդային Հայաստանի ղեկավար Կարեն Դեմիրճյանը մի քննարկման ժամանակ ասել է. «Այն օրը, երբ «Արարատը» հաղթում է, հաջորդ օրը երկրի գործարաններում արտադրողականության ծավալը մեծանում է»:

«Այնպես որ, կառավարությունը չի կարող սպորտը չդիտարկել ընդհանուր երկրի ռազմավարության և զարգացման քաղաքականության համատեքստում: Առաջարկում եմ մեթոդաբանություն մշակել ու հաշվարկել, թե, օրինակ, օլիմպիական չեմպիոն լինելը որքանով է ավելացնում զբոսաշրջիկների հոսքը մեր երկիր: Չկա մի երկիր, որի տնտեսությունը դինամիկ չի զարգանում, բայց նա ունի տեսանելի հաջողություններ սպորտի ոլորտում: Սպորտի զարգացումն ամենալավ լակմուսն է, որ երկրում տնտեսությունը զարգանում է», - ասաց վարչապետը