Իշխանությունն անթաքույց հայտարարել է՝ ՍԴ-ի խնդիրն իրենց համար քաղաքական բովանդակության է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

պետրոսյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ սահմանադրական փոփոխություններին և կայանալիք հանրաքվեին։

«Վայ այն պետությանը, որի Սահմանադրական դատարանը ձևավորվում է քաղաքական շարժառիթներից և շահերից ելնելով»։

Գևորգ Պետրոսյանը կարծում է, որ մինչև սահմանադրական փոփոխություններ անելը նախաձեռնող սուբյեկտը հանրությանը հայեցակարգ պետք է ներկայացնի, և հանրությունը ինքը հասկանա, թե այդ փոփոխություններն իրենց ուր են տանելու։

«Աննպատակ, մեկ անձի համար սահմանադրական փոփոխությունները՝ մեր երկրում շռայլություն է։ ԲՀԿ-ն միաձայն քվեարկեց այդ հանրաքվեին չմասնակցելու համար, բայց դա չի նշանակում, որ մենք ընդդիմադիր ենք, ուրեմն ինքնին դեմ ենք այն ամենին, ինչն իշխանությունն առաջարկում է»,- ասաց նա։

Գևորգ Պետրոսյանը նշեց, որ իրենք կողմ են քվեարկել իշխանության կողմից առաջարկված պետության համար օգտակար նախագծերին։ Իսկ իշխանությունը, փոխանակ դրան, չի ընդունել և նույնիսկ չի լսել ԲՀԿ-ի առաջարկած նախագծերը։

ԲՀԿ–ական պատգամավորը նշեց նաև նախկինում ներկայցրած իրենց այն տեսակետը, ըստ որի՝ սահմանադրական փոփոխություններն իրավական տեսանկյունից խոցելի են․ բազմաթիվ դրույթներ անտեսվել են։ Նա նաև հիշեցրեց, որ իշխանությունն անգամ անտեսել է ԵԽԽՎ-ի առաջարկը։ «Այսքանից հետո ԲՀԿ-ն ի՞նչ հիմք ուներ կողմ քվեարկելու «Այո»-ին»։

«Իշխանությունն անթաքույց հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի խնդիրն իրենց համար ունի քաղաքական բովանդակություն, այսինքն՝ իրենք այստեղ ոչ թե իրավական, այլ քաղաքական խնդիր են լուծում։ Եթե մենք օրենքները դնում ենք մի կողմ, հիմք ենք ընդունում քաղաքական շահերը, ուրեմն այստեղ չի կարող իրավական պետություն լինել»,- ասաց պատգամավորը։

Ըստ նրա՝ իշխանությունները պետք է ժամ առաջ հետ կանգնեն անպտուղ հավակնություններից և իրական պայքար մղեն իրական հանցագործների դեմ։