Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» կրկին աճուրդի կհանվի․ գինը նվազել է․ «Փաստինֆո»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

Ծաղկաձոր

Կառավարությունը որոշել է կրկին աճուրդի հանել Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը, որը պետությանն է նվիրաբերել մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանը։ Այդ մասին գրում է «Փաստինֆո»-ը։

Ըստ աղբյուրի՝ աճուրդի կանոնների համաձայն՝ առաջարկի գինը նվազել է. նախկին 7,5 միլիարդի փոխարեն այս անգամ առաջարկվում է 7,1 մլրդ դրամ։ 

Աղբյուրը նկատում է, որ քչերը կցանկանան տեր դառնալ այնպիսի մի գույքի, որը հետագայում կարող է լուրջ գլխացավանք դառնալ իրենց համար։ Նման օրինակ արդեն ունենք` կապված «Բջնի» գործարանի հետ։ Նախկին սեփականատերը՝ ի դեմս գործարար Խաչատուր Սուքիասյանի, իշխանափոխությունից հետո փորձում է հետ բերել իր ընկերությունը։ Ժամանակին հարկային պարտավորությունները չկատարելու պատճառաբանությամբ՝ գործարանը բռնագանձվեց և հանվեց վաճառքի։ Այն ձեռք բերեց գործարար Ռուբեն Հայրապետյանը՝ վճարելով ավելի քան 4,4 մլրդ դրամ։

Աղբյուրը նշում է, որ նախկին սեփականատերը փորձում է հետ բերել իր սեփականությունը։ Անկախ նրանից՝ դա կստացվի՞, թե՞՝ ոչ, այն վատ նախադեպ է դառնալու կամավոր կամ պարտադրված պետությանը հանձնված ցանկացած գույքի իրացման ժամանակ։ Դրան արդեն բախվել է Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը։

Համալիրի առաջին աճուրդը, որը նշանակված էր անցած տարվա դեկտեմբերի 18-ին չէր կայացել մասնակից չունենալու պատճառով։ Երկրորդ աճուրդը նշանակված է փետրվարի 21-ին։