Փաշինյանը կարևորում է ԵՄ-ի դերը ՀՀ-ում դատական և հակակոռուպցիոն բարեփոխումների համատեքստոմ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

.

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց ԵՄ բյուջեի և կառավարման հանձնակատար Յոհաննես Հանի հետ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Մյունխենից, հանդիպմանը հայկական կողմից մասնակցում էին ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, ՀՀ վարչապետի օգնական Հրաչյա Թաշչյանը, վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Ծովինար Համբարձումյանը։

«ԵՄ-ն դարձել է բարեփոխումների օրակարգի մեր գլխավոր գործընկերը: Շատ ուրախ եմ, որ կարողացել ենք ստեղծել հարուստ օրակարգ՝ դատական բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարության վերաբերյալ: Մենք հակակոռուպցիոն ռազմավարության իրագործման փուլում ենք: Այս բարեփոխումների փաթեթը համարում եմ մեր ռեֆորմների առաջին փուլի վերջին մասը, և դրանից հետո մենք պետք է շարունակենք ամեն ինչ դարձնել ավելի ու ավելի լավ: Այս ճանապարհին համագործակցությունը ԵՄ-ի հետ շատ կարևոր է: Ցանկանում եմ շեշտել, որ և խորհրդատվական, և ֆինանսական, և քաղաքական  աջակցությունը շատ կարևոր են մեզ համար: Շնորհակալ եմ այսօրվա հնարավորության համար՝ քննարկելու մեր ապագա համագործակցության պլանները»,- նշեց Փաշինյանը:

Յոհաննես Հանն էլ իր հերթին նշեց, որ իր՝ Հայաստան այցի ժամանակ քննարկել են ԵՄ-Հայաստան ներդրումային ֆորումի հարցը, որը տեղի կունենա Լյուքսեմբուրգում:

«Այդ ֆորումը լավ հնարավորություն է, որպեսզի ներկայացնեք ձեր երկիրը: Մենք մեծ փորձ ունենք նմանատիպ ներդրումային ֆորումներ կազմակերպելու հարցում և կարծում եմ, որ այս անգամ էլ լավ արձագանք կունենանք: Ինչպես դուք նշեցիք, Հայաստանում բարեփոխումներ եք իրականացնում, և սա ինչ-որ առումով երաշխիք կարող է հանդիսանալ ձեր պոտենցիալ գործընկերների համար, որ ձեր երկիրը հիանալի գործընկեր կարող է դառնալ»,- եզրափակեց Հանը: