Կասպրչիկը այցելում է հակամարտության երեք կողմերին․ ԱԳՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

Աննա Նաղդալյան

Ելնելով իր մանդատից,ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը այցելում է հակամարտության երեք կողմերին։ Այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, պատասխանելով լրատվամիջոցներից մեկի հարցին։ 

«Հարց. Թվիթերում ադրբեջանցին գրառում է կատարել այն մասին, որ  Անջեյ Կասպրչիկը հանդիպել է Արցախի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ։ Խնդրում եմ մեկնաբանեք, թե ինչ հանդիպման մասին է խոսքը, և արդյոք առաջիկայում նմանօրինակ հանդիպումներ լինելու են Արցախի ներկայացուցիչների հետ։

Պատասխան. Մենք չենք արձագանքում թվիթերյան անհայտ օգտատերերի կողմից գրված և այնուհետև ջնջված անձնական գրառումներին։ 

Ինչ վերաբերում է Ձեր հարցի երկրորդ մասին, ապա, ելնելով իր մանդատից, պարոն Կասպրչիկը այցելում է հակամարտության երեք կողմերին: Նա պարբերաբար հանդիպումներ է ունենում Արցախում Արցախի ընտրված և այլ ներկայացուցիչների, այն է՝ Արցախի իշխանությունների և քաղհասարակության հետ: Պարոն Կասպրչիկի հանդիպումների ժամանակացույցի հետ կապված խնդրում ենք դիմել իր գրասենյակին»,-ասված է ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունում։