Հայերի ցեղասպանությունը մարդկության դեմ ամենադաժան հանցագործություններից մեկն է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

սիրիայիարտակարգևլիզաորդեսպան

«Սիրիայի խորհրդարանի կողմից այսօր ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևով հաստատվում է Օսմանյան կայսրության կողմից Սիրիայի և Արևմտյան Հայաստանի տարածքներում ցեղասպանության իրագործումը: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ–ում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին:

«Սիրիայի խորհրդարանն այսօրվա նիստի ընթացքում ընդունել և դատապարտել է Օսմանյան կայսրության կողմից 20-րդ դարի սկզբին իրագործված Հայոց ցեղասպանությունը: Նաև դատապարտվում է այս ոճրագործությունը ժխտելու և պատմական ճշմարտությունը խեղաթյուրելու ցանկացած փորձ: Բանաձևի հաստատմամբ՝ այս ոճրագործությունը մարդկության դեմ ամենադաժան հանցագործություններից մեկն է»,- նշեց Մոհամմեդ Հաջ Իբրահիմին:

Դեսպանի խոսքով՝ Սիրիայի խորհրդարանը նաև կոչ է անում աշխարհի բոլոր խորհրդարաններին, միջազգային հանրությանը ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը:

«Այսօր Սիրիայի ժողովրդի դեմ սարսափելի արարքներ իրականացնող ահաբեկչական խմբավորումները ժամանակին հայերի և մյուս ազգերի դեմ  ցեղասպանություն իրագործողների թոռներն են: Թուրքիան այժմ ագրեսիա է իրականացնում Սիրիայի դեմ, իսկ ահաբեկչական խմբավորումները, որոնք գործում են Իդլիբում և այլ շրջաններում, աջակցություն են ստանում Թուրքիայի կառավարության կողմից»,- ասաց նա:

ՀՀ-ում Սիրիայի դեսպանը հայտնեց, որ Սիրիա տեղափոխված հայերը մշտապես Սիրիայի հասարակության անբաժանելի մաս են կազմել: Ըստ նրա՝ հայերը Սիրիայում շարունակել են ապահով ապրել՝ պահպանելով իրենց կրոնը, լեզուն, ինքնությունը: Սիրիայում կան Հայող ցեղասպանության ղոհերի հիշատակը հավերժացնող բազմաթիվ եկեղեցիներ , իսկ այս տարի արդեն Սիրիայի դպրոցական դասագրքերում ներառվել է Հայոց ցեղասպանության մասին պատմությունը:

Հարցին, թե ինչու է միայն այսօր Սիրիայի խորհրդարանն ընդունում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև, դեսպանը պատասխանեց. «Այս հարցն ուսումնասիրվել է երկար ժամանակ և Սիրիայի կառավարությունն ամենայն հարգանքով և համակրանքով է վերաբերվել հայկական արմատներ ունեցող սիրիացիներին: Հայերի ջարդերը միշտ հիշատակվել են Սիրիայում: Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին մասնակցել է Սիրիայի խորհրդարանի այդ ժամանակվա նախագահը։ Այդ տարի խորհրդարանը հայտարարություն է տարածել, որում նշվել է, որ ցեղասպանություն է իրագործվել հայերի դեմ»: