Փոխվարչապետը գյուղացիներին տրվող բարձր տոկոսադրույքներով վարկերի մասին հարցը լղոզել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

Ծառուկյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը կարծում է, թե փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը բանկերի կողմից գյուղացիներին տրվող բարձր տոկոսադրույքներով վարկեր տալու հարցը լղոզել է: Այս մասին նա հայտարարել է ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով երեկ ԲՀ խմբակցության պատգամավորի՝ կառավարությանն ուղղված հարցին։

 «Մեր պատգամավորը նշեց, որ 0 և 0,25  տոկոսով գումարներ են եկել 400 և 200 մլնի գյուղատնտեսության զարգացման համար, փոքր ու միջին բիզնեսը զարգացնելու համար: Եթե եկել է Կենտրոնական բանկ, ԿԲ-ն իրավունք ունի մեկ տոկոս ավելացնելու, մեկ տոկոս էլ թող ավելացնի այն բանկը, որին կտրամադրեն այդ գումարները: Դա դառնում է 2 տոկոս, թող երկու տոկոսով տրամադրեն գյուղատնտեսության զարգացման համար: Այդ գումարները եկել են, թող պարոն Գրիգորյանը բացի, տեսնի, թե որ թվականին է եկել, ոնց է եկել, իսկ գյուղացիները ասում են, որ այդ գումարները ստացել են 20-35 տոկոսով»,-ասել Ծառուկյանը:

ԲՀ խմբակցության ղեկավարն առաջարկել է լսումներ անցկացնել՝ հասկանալու համար, թե գյուղացիները որքանով են ճիշտ։ Ըստ Ծառուկյանի՝ գյուղացիների ունեցվածքը բանկերում է, գրավադրված․

«Եթե այդպես է, պետք է միջոցներ ձեռնարկել, այդ գրավները հետ վերադարձնել, հանձնել գյուղացուն: Թե չե գյուղացին 5 անգամ ավել արդեն վճարել է, մինչև հիմա էլ պարտքի տակ է, ոչ տունն է իրենը, ոչ էլ հողատարածքը: Այո, ժողովրդի հաշվին գերշահույթ են ստացել, բոլորը պետք է պատասխան տան: Ես սա ասում եմ, որ Մհեր Գրիգորյանը լսի, մեզ ներկայացնի իր մոտեցումը այս հարցում և թե որն է անելիքները»: