ԵԱՏՄ երկրների՝ վետոյի իրավունքից հրաժարվելու հարցում քաղաքական կոնտեքստ չկա․ փոխվարչապետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

փոխվարչապետ

ԵԱՏՄ երկրների կառավարությունների՝ որոշ հարցերում վետոյի իրավունքից հրաժարվելու հնարավորության հարցը քննարկվում է ոչ թե քաղաքական, այլ հանձնաժողովների աշխատանքի արդյունավետության տեսանկյունից: Այս մասին հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի հարցին:

«ԵԱՏՀ կոլեգիայի նախագահը հայտարարել է, որ կառավարությունները քննարկում են որոշ հարցերի շրջանակներում վետոյի իրավունքից հրաժարվելու և այդ իրավունքը վերազգային կազմակերպությանը փոխանցելու հնարավորությունը»: Նա հետաքրքրվեց, թե ինչ հարցերի շրջանակում է քննարկվում ԵԱՏՄ-ում պետությունների վետոյի իրավունքից հրաժարվելը:

Փոխվարչապետը նշում է,որ հարցը ավելի շատ քննարկվել է հանձնաժողովների աշխատանքի արդյունավետության տեսանկյունից, նկատելով, որ դա այդքան քաղաքական կոնտեքստ չի ունեցել: «Խնդիրն այն է, որ շատ դեպքերում հանձնաժողովի ցանկացած ֆունկցիա դառնում է զրոյական, քանի որ կառավարություններից մեկը վետո է դնում, և որոշումն ուղղակի չի իրականացվում »,-ասաց Գրիգորյանը:

Նա նշեց՝ օրակարգում կա ռազմավարական մի հարց՝ արդյոք հանձնաժողովը պետք է օժտված չլինի այն լիազորությամբ, որպեսզի կամ վետոն վերացնի կամ վետոն ընդհանրապես բացառվի: «Բայց այս պահին ավելի կոնկրետություն չկա այդ հարցում: Այն դեռևս ռազմավարական շարադրանքի փուլում է քննարկվում: Ինչ-որ փուլում հանրությանը կտեղեկացնենք, թե ինչ բովանդակության հասանք: Բայց կարծում եմ, որ այստեղ հարցն այնքան քաղաքական չէ, որքան, որ վերաբերվում է հանձնաժողովի աշխատանքի արդյունավետությանը»,-ասաց փոխվարչապետը: