Վերմիշյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը. «Փաստինֆո»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

վերմիշյան1

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է Վերմիշյանի փաստաբան Մուշեղ Առաքելյանը:

Աղբյուրի դիտարկմանը, թե ԱԱԾ֊ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Վերմիշյանը հարցաքննության ընթացքում խոստովանել է արարքը, պաշտպանը նշել է, որ լրատվականներում շրջանառվող տեղեկատվությունը որևէ աղերս չունի գործի հետ, և որ առաջիկայում պաշտպանական թիմը հանդես կգա հայտարարությամբ։

Աղբյուրը նաև նկատում է, որ թեև քաղաքաշինության կոմիտեի նախագահը կալանավորված է, սակայն նրա լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու մասին որոշում վարչապետը դեռ չի կայացրել։

Ավելի վաղ հայտնել ենք, որ դատարանը բավարարել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը, ինչը, պաշտպանի խոսքով, պատրաստվում են բողոքարկել։

Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և անձնական շահագրգռվածությունից ելնելով, շինաշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1.000.000-2.500.000 դրամի գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստացել, 2019 թ. ընթացքում նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել ցանկալի որոշումների արագ կայացմանն ու տրամադրմանը:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը 2019 թ. հոկտեմբերի 23-ին իր աշխատասենյակում պայմանավորվածություն է ձեռք բերել մի քանի շինարարական ընկերությունների սեփականատերերին «Հայաստանի վաստակավոր շինարարի» կոչման ներկայացնելու համար՝ դրա դիմաց որպես կաշառք ստանալով 2.379.950 դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար գումար և շուրջ 2.300.000 ՀՀ դրամին համարժեք շինանյութ։