Ոստիկանությունը դառնում է ներքին գործերի նախարարություն․ նախարարին կնշանակի վարչապետը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

ոստիկանություն

Ըստ Արդարադատության նախարարության ներկայացրած նախագծի՝ ՀՀ ոստիկանությունը դառնալու է ներքին գործերի նախարարություն, ԱԻՆ-ի և ԿԲ-ի կենտրոնները միավորվելու են և ՆԳՆ-ի մաս կազմեն։

«Որպես ոստիկանության արդյունավետ գործունեության մոդել՝ առաջարկվում է այն համապատասխան ինքնուրույն կարգավիճակով նախատեսել նախարարության կառուցվածքում։ Կազմակերպաիրավական նման ձեւի պայմաններում հնարավոր կլինի ոստիկանության կողմից ապահովել իրեն հատուկ խնդիրների կատարումը։ Միաժամանակ, ծառայությունների մատուցման եւ սպասարկման նշանակություն ունեցող այնպիսի գործառույթների իրականացումը, ինչպիսիք են օրինակ՝ վարորդական իրավունքի վկայականների տրամադրումը, տրանսպորտային միջոցների գրանցում, դրանց հաշվառման համարանիշների տրամադրումը, անձնագրային եւ վիզաների ոլորտի գործառույթները, անմիջապես կուղղվեն համապատասխան նախարարության քաղաքացիական ծառայություն իրականացնող ստորաբաժանումների իրավասությանը։ Այս առումով բովանդակային եւ միջսեկտորալ կապ պետք է ապահովվի դատական եւ իրավական բարեփոխումների 2019-2023 թթ․ ռազմավարությամբ նախատեսված հանրային ծառայությունների մատուցման միասնական գրասենյակների ներդրման ու զարգացման մոտեցման հետ՝ իրականացման տեսանկյունից էլ միավորելով ջանքերը եւ ապահովելով հանրային որեւէ ծառայության՝ ամբողջական ցիկլով ներդրումը»,- ասվում է նախագծում։

Ներքին գործերի նախարարության ձեւավորման համատեքստում կարեւորելով կազմակերպված հանցավորության դեմ պայքարում ՆԳ նախարարության եւ ոստիկանության նախատեսվող դերակատարումը, ըստ ԱՆ-ի ծրագրի, անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել նաեւ ԿԲ Ֆինանսական դիտարկումների կենտրոնը Ներքին գործերի նախարարության կառուցվածքում ներառելու հարցը․ «Նման քննարկման ընթացքում պետք է լրջորեն քննարկվի գործող վարչական տիպի հետախուզության մարմնի բնույթի հնարավոր փոփոխությունը դեպի իրավապահի»։

Ըստ այդ ծրագրի՝ նախարարության պատշաճ գործունեությունը կարող է ապահովվել, եթե համապատասխան օրենսդրական կարգավորումների միջոցով սահմանվի ոստիկանության եւ նախարարության հարաբերակցությունը, ինչպես նաեւ ոստիկանության ղեկավարության նշանակման այնպիսի համակարգ, որը մի կողմից անօգտակար կախվածության մեջ չի դնի ոստիկանության պետին նախարարից, իսկ մյուս կողմից, չի կտրի քաղաքականության մշակողի եւ իրականացնողի տրամաբանական եւ անհրաժեշտ կապը. օրինակ՝ ոստիկանության պետը կարող է նշանակվել վարչապետի կողմից՝ նախարարի առաջարկությամբ։

«Օպերատիվ կառավարման կենտրոնը հանդիսանալու է իրավախախտումների եւ պատահարների վերաբերյալ հաղորդումներ ընդունող օպերատոր, որն այդ հաղորդումների բնույթի վերլուծության հիման վրա ապահովելու է նաեւ պարեկային ոստիկանության ուժերի եւ միջոցների կառավարումը: Կենտրոնին հասանելի են լինելու հասարակական վայրերում տեղադրված բոլոր տեսանկարահանող սարքերը, ոստիկանության եւ այլ մարմինների տեղեկատվական այն շտեմարանները, որոնք անհրաժեշտ են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջացառումներ իրականացնելու համար: Կենտրոնն ունենալու է փրկարար ծառայության (911) եւ շտապ օգնության (1-03) օպերատիվ կենտրոնների մշտական հենակետեր: Պարեկային ծառայողների տրանսպորտային միջոցների եւ պարեկային ծառայողների տեղաշարժը վերահսկվելու է GPS համակարգի միջոցով, իսկ բնակավայրերը՝ 2D ձեւաչափի գեոտեղեկատվական համակարգով քարտեզի օգնությամբ (հետագայում 3D)»:

Նախագծում նշված է, որ ոստիկանության ապառազմականացումը տեղի է ունենալու ոստիկանության զորքերի կարգավիճակի փոփոխությամբ․

«1) ոստիկանության զորքերի կազմակերպման եւ գործունեության կարգը կանոնակարգել բացառապես ոստիկանական օրենսդրական ակտերով եւ ուժը կորցրած ճանաչել «Ոստիկանության զորքերի մասին» օրենքը,

2) «զորքեր» հասկացությունից հրաժարվել եւ ոստիկանության զորքերը վերանվանել «ազգային գվարդիա»,

3) իրականացնել ներկայիս ոստիկանության զորքերի համապարփակ աուդիտ ու կարիքների գնահատում՝ հստակեցնելով ինչ օպտիմալ քանակ է անհրաժեշտ նշված գործառույթներն իրականացնելու համար:

4) զորքերի կարգավիճակի փոփոխությունը չպետք է հանգեցնի նրա ծառայողների սոցիալական իրավունքների սահմանափակմանը կամ վերացմանը,

5) ազգային գվարդիան ըստ անհրաժեշտության կարող է մասնակցել հասարակական կարգի պահպանման աշխատանքներին, ապահովել ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությունը (դրա համար ներկայումս գոյություն ունեցող մասնագիտացված ոստիկանական ստորաբաժանման՝ պետական պահպանության գլխավոր վարչության գործառույթները պետք է փոխանցվեն ազգային գվարդիային).

6) ազգային գվարդիան ներգրավվելու է զանգվածային անկարգությունները կանխելիս ու խափանելիս, հակաահաբեկչական միջոցառումներ իրականացնելիս, ռազմական եւ արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովելիս, տարերային աղետների կամ տեխնածին վթարների ժամանակ որոնողական-փրկարարական աշխատանքներին աջակցելիս, հատուկ բեռների տեղափոխման անվտանգության ապահովելիս»: