Կրակոցներ՝ Վանաձորում․ կա 2 զոհ, 2 վիրավոր․ սպանվածներից մեկը քրեական հեղինակություն է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

Ուղիղ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Վանաձոր քաղաքի երկու բնակչի սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ 2020 թ. փետրվարի 9-ին՝ ժամը 18:20-ի սահմանում, Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ապօրինի ձեռք բերված հրազենով կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակոցներ է արձակել Լոռու մարզի չորս բնակչի ուղղությամբ և դիմել փախուստի: Հրազենային մարմնական վնասվածքներ ստացած նշված անձինք տեղափոխվել են բժշկական կենտրոն, որոնցից երկուսը՝ Վանաձոր քաղաքի բնակիչներ՝ ծնված 1990 թ., ճանապարհին մահացել են:

Դեպքի փաստով ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Միևնույն ժամանակ, նույն օրը՝ ժամը 18:10-ի սահմանում, ՀՀ ԱԻՆ Լոռու մարզի փրկարարական վարչությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ Վանաձոր քաղաքի Բարեկամություն փողոցում մեքենա է այրվում: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է այն անձի ինքնությունը, ում անունով հաշվառված է նշված մեքենան: Դեպքի վայրի զննությամբ ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է ԱԿ-74 տեսակի ինքնաձիգ՝ խզակոթը այրված վիճակում, 5.45 տրամաչափի ինքնաձիգի կրակված 26 պարկուճ, 5 դեֆորմացված նույն տրամաչափի պարկուճ, 5 նույն տրամաչափի գնդակ, 2 դատարկ փամփշտատուփ՝ մեկն այրված վիճակում:

Կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ առգրավումներ, նշանակվել են դատաբժշկական, համալիր դատահետքաբանական և դատաձգաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ սպանված անձանցից մեկը եղել է քրեական հեղինակություն։