Կոկաինը էլեկտրասղոցի մեջ է եղել․ ԱԱԾ-ն բացահայտել է թմրամիջոցների ապօրինի ներկրման դեպք

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

ՀՀ ԱԱԾ թմրամիջոցների ապօրինի ներկրման ուղիները պարզելու եւ կանխարգելելու, հանցավոր սխեմաներում ներգրավված անձանց պատասխանատվության կանչելու ուղղությամբ օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ներկրման հերթական դեպքը։ Այդ մասին հայտնում է ԱԱԾ-ն։

Ստացված փաստական տվյալների համաձայն` Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ քաղաքացին, Երևանում բնակվող 2 ծանոթի պատվերով ապօրինի ձեռք  է բերել առանձնապես խոշոր չափերով «մեթադոն» և «կոկաին» տեսակի թմրամիջոցներ, որոնք տեղադրել է էլեկտրական սղոցի մեջ պատրաստված թաքստոցում եւ 2020 թ. հունվարի 25-ին Մոսկվա քաղաքում պայուսակով փոխանցել է դեպի Հայաստան բեռնափոխադրմամբ զբաղվող միկրոավտոբուսի վարորդին՝ տրամադրելով նրան գնորդների հեռախոսահամարները։ Արդյունքում թմրամիջոցների հիշյալ խմբաքանակը մաքսային հսկողությունից թաքցնելով, 2020թ. փետրվարի 3-ին «Բագրատաշեն» սահմանային անցակետով ներկրվել է Հայաստանի Հանրապետություն, իսկ թմրամիջոցի պատվիրատուները, ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների հսկողության ներքո փետրվարի 3-ին ստանալով ուղեբեռը, այն ապօրինի փոխադրել են իրենց կողմից որպես հավաքատեղի օգտագործվող տարածք, որից հետո բերման են ենթարկվել և ձերբակալվել։

Առերևույթ հանցագործության դեպքի փաստով ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում ձեռք է բերվել հանցագործությունը փաստող անհերքելի ապացույցների համակցություն, կատարվում է նախաքննություն։