Թեղուտ գյուղի անտառում փետրվարի 6-ին բռնկված հրդեհը մարվել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

հրդեհ.

ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնին փետրվարի 8-ին՝ ժամը 09:22-ին, տեղեկություն է հաղորդվել այն մասին, որ Թեղուտ գյուղի մոտակա անտառում բռնկված հրդեհի հրդեհաշիջման նպատակով դեպքի վայր է մեկնել 8 հրշեջ-փրկարար: Հրդեհը մարվել է ժամը 13:04-ին: Այրվել են մոտ 40 հա խոտածածկույթ և մոտ 150 հատ ծառի կոճղ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի 4 աշխատակից:

Ավելի վաղ ԱԻՆ-ը տեղեկացրել էր, որ փետրվարի 6-ին՝ ժամը 18:54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի «Ախեթք» կոչվող հանդամասում: Կապ է հաստատվել «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի փոխտնօրենի հետ, ով տեղեկացրել է, որ հրդեհը բռնկվել է Լոռու մարզի Թեղուտ գյուղի անտառային հատվածում։ Մթության պատճառով հրդեհաշիջում չի իրականացվել։ Փետրվարի 7-ին, հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 30 փրկարար-ծառայող և անտառտնտեսության 20 աշխատակից: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:07-ին:

Եղանակային պայմաններից ելնելով՝ հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են: Անտառտնտեսության աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն: