Հայաստանում դիտվում է սուր շնչառական վարակների աշխուժացում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

վիրուս

Վերջին մի քանի օրվա ընթացքում, օրական իրականացվող մշտադիտարկման արդյունքների համաձայն, հանրապետությունում դիտվում է սուր շնչառական վարակների աշխուժացում` թե ամբուլատոր-պոլիկլինիկական և հիվանդանոցային կազմակերպություններ դիմելիության առումով, թե շտապ օգնության կանչերում։ Համաճարակաբանական վերլուծությունների արդյունքները փաստում են, որ ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ շնչառական վարակներով պացիետների 67%-ը, իսկ ստացիոնար կազմակերպություններում 90,4%-ը կազմում են մինչև 18 տարեկան երեխաները, մասնավորապես՝ մանկահասակ:

Հանրապետության մակարդակով կրթական կազմակերպություններում սուր շնչառական վարակներով բացակայությունը չի գերազանցում 1,8%-ը, չնայած` եզակի կրթական կազմակերպություններում արձանագրվել են սուր շնչառական վարակներով բացակայության բարձր ցուցանիշներ:

Սուր շնչառական վարակներին բնորոշ երեխաների մուտքը կրթական հաստատություններ հնարավորինս բացառելու նպատակով ուժեղացվելու է «համաճարակային ֆիլտրի» իրականացումը: Նշված կազմակերպություններում շարունակվում է ջերմային ռեժիմի նկատմամբ մշտադիտարկումը: Ընթացիկ տարվա փետրվարի 5-ի դրությամբ` ջերմային ռեժիմի շեղումներ արձանագրվել են 157 դպրոցում և 28 մանկապարտեզում:  Տվյալները սահմանված կարգով տրամադրվել են շահագրգիռ կառույցներին:

Ինչ վերաբերում է  հանրապետությունում շրջանառող գրիպի հարուցիչներին, ապա հարկ է նշել, որ սեզոնի ընթացքում իրականացվել է 740 նմուշի հետազոտություն, որի արդյունքում հայտնաբերվել է Ա H1N1 ենթատեսակը (18,5%), Բ տեսակը (5,5%), ինչպես նաև շնչառական այլ վարակների հարուցիչներ (24,7%) (ռինովիրուս, բոկավիրուս, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուս, ադենովիրոս): Այսինքն` 2019 թվականի դեկտեմբերից շարունակում են շրջանառվել գրիպի և այլ շնչառական վարակների հարուցիչները:

Գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է: Բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով, և բոլոր նրանք ովքեր դեռ չեն ստացել սեզոնային գրիպի դեմ պատվաստում, կարող են դիմել իրենց հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվել, հատկապես՝ հղիները, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները, 65 տարեկանից բարձր տարիքի անձինք, շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք:

Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու նպատակով՝  Առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում և հորդորում է.

  • պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով Ձեր հաշվառման պոլիկլինիկա,
  • խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
  •  եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հատկապես՝ գրիպանման երևույթներ ունեցող երեխաներին մի´ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը,
  • եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
  • մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,
  • հագնվե´ք եղանակին համահունչ,
  • պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
  • օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
  • հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
  • հետևե´ք անձնական հիգիենային։