Սպանություն Վանաձորում. ձերբակալվել է 20-ամյա երիտասարդ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

հասարակական

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Վանաձոր քաղաքի 57-ամյա բնակչի սպանության հանգամանքները: Մեկ անձ ձերբակալվել է:

2020 թվականի փետրվարի 5-ին՝ ժամը 14։10-ին, Վանաձոր քաղաքի բնակչուհին Վանաձորի Բազումի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 14։00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Բուլղարական 2-րդ ավան թաղամասում գտնվող տնակում հայտնաբերել է ամուսնու դին՝ բռնության հետքերով։  

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: 57-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող:

Նախնական տվյալներով՝ տուժողը կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներն ստացել է իր տանը՝ նույն թաղամասի բնակչի հետ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում:

Վերջինս, ով Վանաձոր քաղաքի բնակիչ է՝ ծնված 2000թ., ձերբակալվել է՝ 57-ամյա տղամարդուն սպանելու կասկածանքով:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք վկաներ, կատարվել է առերես հարցաքննություն, նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական փորձաքննություններ, վերցվել նմուշներ, հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին: