Կիսում եմ Բուքիքիոյի անհանգստությունը ՀՀ-ում ինստիտուտների միջև լարվածության վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

.

Ազգային ժողովի «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը կիսում է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի անհանգստությունը Հայաստանում ինստիտուտների միջև լարվածության վերաբերյալ:

Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կարծիք է հայտնել, որ վերջին շրջանում տեղ գտած որոշ հայտարարություններ և գործողություններ՝ այդ թվում ՍԴ նախագահի, ՍԴ որոշ անդամների և ՍԴ աշխատակազմի ներկայացուցիչների, ինչպես նաև տարատեսակ ընդդիմադիր քաղաքական գործիչների կողմից արված, կարող են ընկալվել որպես քաղաքական և անձնական ճնշում ՍԴ այն անդամների վրա, որոնք կարող են օգտվել վաղ կենսաթոշակի համակարգից:

«Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն հայտարարություն է տարածել, որում անհանգստություն է հայտնել Հայաստանում ՍԴ շուրջ առկա լարված իրավիճակի վերաբերյալ:

Նա հիշեցրել է Վենետիկի հանձնաժողովի կարծիքն առ այն, որ ՍԴ անդամների վաղ կենսաթոշակի համակարգը պիտի լինի իրապես կամավոր և չուղեկցվի քաղաքական կամ անձնական ճնշումներով: Հանձնաժողովի նախագահը հավելել է, որ վերջին շրջանում արձանագրված որոշ հրապարակային հայտարարություններ և գործողություններ չեն մտնում այս տրամաբանության մեջ և չեն նպաստում իրավիճակի լիցքաթափմանը:

Պարոն Բուքիքիոն հայտարարության վերջում բոլոր կողմերին կոչ է արել նպաստել իրավիճակի լիցքաթափմանը՝ երաշխավորելու համար սահմանադրության նորմալ գործունեությունը:

Ինչպես և ԵԽԽՎ համազեկուցողների դեպքում, կիսում եմ պարոն Բուքիքիոյի անհանգստությունը Հայաստանում ինստիտուտների միջև լարվածության վերաբերյալ: Կարծում եմ՝ Հրայր Թովմասյանի գործունեության արդյունքում առաջացած այս լարվածությունը և ճգնաժամը պիտի հնարավորինս արագ հանգուցալուծում ստանան, և գործող սահմանադրության ոգին պիտի վերականգնվի:

Կարևոր եմ համարում պարոն Բուքիքիոյի հիշեցումը՝ կապված կամավոր վաղ կենսաթոշակի համակարգի հետ:

Կարծում եմ, որ վերջին շրջանում տեղ գտած որոշ հայտարարություններ և գործողություններ՝ այդ թվում ՍԴ նախագահի, ՍԴ որոշ անդամների և ՍԴ աշխատակազմի ներկայացուցիչների, ինչպես նաև տարատեսակ ընդդիմադիր քաղաքական գործիչների կողմից արված, կարող են ընկալվել որպես քաղաքական և անձնական ճնշում ՍԴ այն անդամների վրա, որոնք կարող են օգտվել վաղ կենսաթոշակի համակարգից»,-նշել է Ռուբինյանը: