Որևէ մեկը չի կարող թաքուն ինչ-որ բան անել ու ժողովրդի կարծիքը հաշվի չառնել․ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 31, 24News

1

«Իրարամերժ մոտեցումների պայմաններում ակնկալել կարգավորում՝ շատ վաղաժամ է»,- Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև Ժնևում տեղի ունեցած հանդիպման մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: 

«Նախևառաջ՝ Ադրբեջանը չի վերանայել իր մոտեցումները, նացիզմը շարունակում է այնտեղ տիրել։ Բացի այդ՝ ոչ լիարժեք ձևաչափով է ընթանում գործընթացը։ Այս ամենի հետ ակնկալել առաջընթաց՝ իհարկե վաղաժամ է։ Բայց նման հանդիպումները շատ կարևոր են, որպեսզի խաղաղությունն ու կայունությունն ամրապնդվեն, ու նաև ապահովվի բանակցությունների շարունակականությունը։ Ինքնին այդպիսի հանդիպումները շատ կարևոր են, սա մեր ընդհանուր մոտեցումն է։ Այնտեղ հնչեցին շատ դրույթներ, որոնք ցույց են տալիս, որ շարունակվում է հակամարտության կարգավորման էվոլյուցիոն տարբերակը։ Ժողովրդին խաղաղության պատրաստելը նշանակում է, որ նույն #Ադրբեջա/ում մեծ աշխատանք պետք է տարվի նացիզմի քարոզչության ուղղությամբ, պարտադրանք կամ սրընթաց գործընթաց լինել չի կարող։

Մենք չենք պատկերացնում, որ կարող են լինել թաքուն մոտեցումներ կամ պայմանավորվածություններ.

Ժողովուրդներին խաղաղության պատրաստելու գաղափարը պաշտոնական Ստեփանակերտը 15-17 տարի առաջ է դրել շրջանառության մեջ՝ առ այն, որ անհրաժեշտ է ժողովուրդների միջև պատմական հաշտության կնքում։ Եվ առաջին հերթին սա անհրաժեշտ է Ադրբեջանում, որովհետև Ադրբեջանի հասարակությունն է թաթախված հայատյացության ու նացիզմի մեջ։ Պատկերացնո՞ւմ եք՝ մինչև հիմա Գերմանիայում նացիզմի դեմ պայքարում են, ե՞րբ է վերջացել Հիտլերի դարաշրջանը։ Հիմա խաղաղության նախապատրաստելը նաև մթնոլորտի փոփոխություն է ենթադրում։ Եթե մի երկրում՝ նույն Ադրբեջանում, մսուր-մանկապարտեզից հայատյացության քարոզչություն է գնում, ի՞նչ կարող ենք մենք ակնկալել։ Միևնույն է՝ որևէ բան չի ստացվելու, եթե այդպես ընթանան զարգացումները։ Սա մեկ տարվա բան չէ, տասնամյակներ են պահանջվելու, և առանց դրա հնարավոր չի լինելու որևէ բան կարգավորել։

Ըստ իս՝ ընդհանուր մթնոլորտի մասին է խոսքը։ Ի՞նչ փաստաթուղթ պետք է քննարկեն։ Առաջին հերթին՝ Արցախը չի մասնակցում, և ցանկացած փաստաթուղթ, եթե մենք չենք մասնակցում, արդեն իսկ իրավական թերի ուժ է ունենալու։ Բացի այդ՝ Ադրբեջանը, ինչպես նաև #Արցախ/ը, մտնում է ներքաղաքական ակտիվ շրջան, և այժմ շատ կարևոր է խաղաղության ու կայունության պահպանումը։ Հազար ու մի խնդիր կա, բայց մտածել, որ ինչ-որ փաստաթուղթ են ստորագրելու՝ ո՞նց պետք է դա լինի։ Չկա ընդհանուր մոտեցում, կողմերն իրարամերժ պատկերացումներ ունեն։

Այո՛, սրանք ամենաերկար բանակցություններից մեկն էին, և դետալների համար պետք է դիմեք ՀՀ արտգործնախարարությանը։ Բայց ես չեմ կարծում, որ ինչ-որ թաքուն բաներ կարող են լինել։ Որևէ մեկը չի կարող թաքուն ինչ-որ բան անել Արցախի թիկունքում ու ժողովրդի կարծիքը հաշվի չառնել։ Ի վերջո՝ ցանկացած կարգավորման տարբերակին պետք է ժողովուրդը հավանություն տա», - գրել է Բաբայանը։