Հնարավոր է, որ իմ թիմակիցների պայքարը վերաճի քաղաքական շարժման․ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 29, 24News    

Քոչարյան

Մարդկանց համոզմունքն իրենց իրավացիության մեջ և պայքարի ու զրկանքների պատրաստակամությունը կարևորագույն պայման է ցանկացած քաղաքական պայքարի համար։ Նման մարդիկ մեր ճամբարում շատ են։ Այս մասին Yerevan.today-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե  կարո՞ղ է, արդյոք, իր կողմնակիցների և թիմակիցների՝ ազատության համար պայքարը վերաճել քաղաքական շարժման, և այդ հարցում ի՞նչ դեր կունենա Աղվան Վարդանյանի կողմից համակարգվող հանձնախումբը։

Քոչարյանը մասնավորապես ասել է․ 

«Դա միանգամայն հնարավոր է։ Մարդկանց համոզմունքն իրենց իրավացիության մեջ և պայքարի ու զրկանքների պատրաստակամությունը կարևորագույն պայման է ցանկացած քաղաքական պայքարի համար։ Նման մարդիկ մեր ճամբարում շատ են։ Համատեղ աշխատանքը մարդկանց մոտեցնում է, թիմային զգացողություն է ձևավորում և փոխգործակցության փորձ է ստեղծում։ Միավորվելով կազմակերպչական կառույցում՝ նրանք դառնում են իրական քաղաքական ուժ: Ստեղծված կոմիտեի վերաֆորմատավորումը քաղաքական միավորի միայն տեխնիկայի հարց կդառնա, եթե, իհարկե, նրանք դա ցանկանան: Քրեական գործի և ընդհանրապես, դատական գործընթացի հետ կապված իրավիճակը ցույց է տալիս երկրի դատաիրավական համակարգի ամբողջական կոլապսը։ Արդարադատության հասնել այնտեղ, որտեղ դրա նշույլն անգամ չկա, կարող է ինչ-որ պահի անիմաստ թվալ։ Ուստի չի կարելի բացառել նրանց ակտիվ մասնակցությունը քաղաքական շարժմանը՝ երկրում սահմանադրական կարգը վերականգնելու համար»։