Հայաստանում հայ ժողովրդի ջանքերով կարող ենք ստեղծել լավագույն ևˊ զենքերը, ևˊտեխնոլոգիաները

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 27, 24News 

ՀՀ Զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձի առթիվ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը բանակի օրվա առթիվ մեդալներ և շքանշաններ է հանձնել հայրենիքի պաշտպանության նվիրյալներին։

«Բանակի օրն առանձնահատուկ է բոլորիս համար: Այդ առիթով ուզում եմ շնորհավորել պարգևատրված բոլոր ազատամարտիկներին, զինվորներին, սպաներին, բժիշկներին։ Բանակի օրը չենք կարող ևս մեկ անգամ չհիշել հազարավոր հայորդիներին, որոնք իրենց կյանքը տվեցին այսօր հզոր ազգային բանակ ունենալու երազանքին, իրենց կյանքը տվեցին Մեծ հայրենականում, Արցախյան ազատամարտում»,- ասել է նախագահը։

Նախագահի խնդրանքով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել  են իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհածների հիշատակը:

ՀՀ նախագահը շեշտել է նաև Արցախյան ազատամարտում հայ ժողովրդի տարած հաղթանակն ու պայքարը, որը հիմք դրեց հայոց բանակի ստեղծմանը:

«Արցախյան ճակատամարտի առաջին օրերին մենք ցույց ենք տվել թե ինչի ենք ընդունակ, ցույց ենք տվել, թե որտեղ է մեր հաղթանակների գաղտնիքը, անկախ նրանից որտեղ ենք ծնվել՝ Արցախում, թե Երևանում, Սփյուռքում, անկախ նրանից ինչի ենք հավատացել, ինչի ենք պատկանել, համախմբվել ենք, դարձել մեկ բռունցք և տարել հաղթանակներ՝ ստեղծելով հայոց ազգային բանակը։ Սա տարածաշրջանի հզոր բանակն է։ Այսօրվա մեր հզոր բանակը պետք է լինի ոչ միայն լավագույն զենքերով սպառազինված, նաև Հայաստանում հայ ժողովրդի ջանքերով կարող ենք ստեղծել 21-րդ դարի լավագույն զենքերը և տեխնոլոգիաները»,- ելույթում ասել է նախագահը։