«Հայ իրավական միտքն իր բովանդակային հենքը ստացել է Եկեղեցուց»․Գարեգին 2-րդը՝ ԲԴԽ նախագահին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

1

Հունվարի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին:

Նորին Սրբությունը մաղթել է, որ Աստված զորավիգ լինի նրան և Բարձրագույն դատական խորհրդի անդամներին՝ արդարադատության հաստատման դժվարին առաքելությունն իրականացնելու գործում: Հայոց Հովվապետը նշել է, որ բոլոր ժամանակներում մարդկությունը ձգտել է արդար և ճշմարիտ դատաստանի, երկրի վրա արդարադատության հաստատման, և այդ համատեքստում Բարձրագույն դատական խորհուրդն իր կարևոր դերակատարությունն ունի:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ընդգծել է, որ հայ իրավական միտքն իր բովանդակային հենքը ստացել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուց, կարևորեց այդ առումով գործակցությունը: Ռ. Վարդազարյանը նաև Վեհափառ Հայրապետին ներկայացրել է Բարձրագույն դատական խորհրդի կողմից իրականացվող աշխատանքները, առաջադրված նպատակները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ժողովրդավար պետություն կառուցելու ճանապարհին արդար դատավորների և անաչառ, անկախ դատական համակարգ ունենալու կարևորությանը: